Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ռուսները րոպե առաջ պետք է դուրս գան այդ սահմանից. աշնանը սահմանից մի 20-30 կմ հեռու բարձր սարերի վրայի դիրքեր էին գնացել, նպատակը պարզ է»

«Ռուսները րոպե առաջ պետք է դուրս գան այդ սահմանից. աշնանը սահմանից մի 20-30 կմ հեռու բարձր սարերի վրայի դիրքեր էին գնացել, նպատակը պարզ է»
Քաղաքականություն
08:30, 29 март 2024
Վերջին մեկ ամսվա ընթացքում Երևանում ահաբեկչական փորձերի, դրա հետքի և մի քանի այլ կարևոր հարցերի շուրջ Civic.am-ը զրուցել է ՀԺԿ փոխնախագահ, Մեղրիում բնակվող Գրիգոր Հարությունյանի հետ։
 
 «Նոր Նորքի ոստիկանության բաժնում տեղի ունեցածը միանշանակ տեռորիստական ակտ էր, շարունակությունն է մեծ քաղաքականության, փորձում են անընդհատ ճոճել նավը։ Սա է, դրսից կառավարվող  ուժեր են. երկրի մասին մտածող մարդիկ, հայրենասեր մարդիկ պատերազմական վիճակում գտնվող երկրի հետ այդպես չեն վարվի։ Դա հայրենասիրություն չէ, դա սրիկայություն է առնվազն։ Բայց դա չի հաջողվի, որովհետև ես կարծում եմ՝ ավելի լավ է լինելու մեր վիճակը, համոզված եմ»,-  ասաց Գրիգոր Հարությունյանը։

Խոսելով ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպման մասին՝ Գրիգոր Հարությունյանն ասաց, որ մեծ հույսեր է կապում այդ հանդիպման հետ։

«Եվ նաև երեկ Ռասմուսենի՝ Հայաստանի բարեկամների խմբի հայտարարությունը շատ լուրջ բան էր, մեզ համար հեռանկարային։ Էդ խումբը հենց այնպես չի, Ռասմուսենի խմբում բոլորը ճանաչված մարդիկ են, նախկին վարչապետներ և երկրների ղեկավարներ Եվրոպայում։ Իրենք անալիտիկ կենտրոն են և, այսպես ասած, ծրագիրը տալիս են, ու դրանց տված ծրագիրը ԵՄ-ն հաշվի է առնում և դրանով շարժվում։  Շատ լավ ակնկալիքներ ունեմ, մանավանդ, որ իրենք նախնական տվել են, թե ինչ հարցեր են քննարկվելու, ինչպես են օգնելու Հայաստանին։ Այնպես որ, դեպի լավն ենք գնում, չուզողի աչքն էլ հանում ենք»,- նշեց Գրիգոր Հարությունյանը։ 
Հարցին, թե չի՞ կարծում, որ երկրի ներսում խժդժություններ են փորձում առաջացնել այս հանդիպումը խոչընդոտելու համար, մեր զրուցակիցն ասաց, որ չի բացառվում, բայց մեծ հաշվով միայն ապրիլի 5-ի հանդիպման հետ չի կապված։  

«Հայաստանը չի համաձայնում միջանցք տալ ռուսներին, ես չեմ ասում՝ ադրբեջանցիներին, որովհետև դա ռուսների ծրագիրն է, նրանց շատ է պետք երկաթուղին, կարևորագույն երկաթուղի է։ Նրանք մեկուսացված են, և նաև տեսնում ենք, որ այսօր արդեն Թուրքիան էլ է հետ քաշվում Ռուսաստանից, ինչ որ պետք էր Ռուսաստանից՝ ստացավ, ստանում է և ձեռք քաշում։  Այնպես որ, դա ռուսների ուզած միջանցքն է, օրական մի քանի անգամ Մարիա Զախարովան այդ թեմայով խոսում է՝ «մեզ ճանապարհ չեն տալիս, չեն թողնում, որ մենք վերահսկենք». թե դու ո՞վ ես, քեզ ո՞նց վստահենք, երբ որ դուք  այսօր հարձակվել ու ձեր եղբայրներին կոտորում եք։ Մենք ձեզ ո՞նց վստահենք»,- ասաց Գրիգոր Հարությունյանը։    

Նրա կարծիքով՝ Հայաստանի դեպի ԵՄ գնալու հետ կապված մի քիչ անհանգստություն կլինի Իրանի մոտ, բայց կարծում է՝ դա էլ կհարթվի։ ՀԺԿ փոխնախագահի խոսքով՝ Ֆրանսիայի հետ հարաբերությունները չեն խզվել, նա հիշեցրեց, թե Խոմեյնին որտեղ էր և որտեղից եկավ։ 

«Այսինքն՝ այդ կապը ֆրանսիացիների հետ կա։ Ես Իրանում շատ եմ եղել, մեքենաների մեծ մասը, կարելի է  ասել, ֆրանսիական արտադրության են, որովհետև ֆրանսիացիներն են օգնել, որ այդ տնտեսությունը կայանա։ Ես կարծում եմ, որ այդ ուղղությամբ արդեն աշխատանքներ տարվում են։ Մի բան պարզ է՝ Եվրոպան էլ է արդեն հասկանում, որ Իրանը մեզ բարեկամ երկիր է և շատ օգտակար երկիր մեզ համար։ Այնպես որ, դարեր շարունակ մենք համագործակցել ենք, ես կարծում եմ՝ էլի կշարունակենք, պարսիկներն էլ կհասկանան մեզ»,- նշեց Գրիգոր Հարությունյանը։   

Քանի որ օգոստոսի 1-ից ռուս սահմանապահները կհեռացվեն «Զվարթնոց» օդանավակայանից, հարցին, թե ունի՞ արդյոք տեղեկություն՝ ռուս սահմանապահները կհեռացվեն նաև Հայաստան-Իրան սահմանի՞ց, Գրիգոր Հարությունյանն ասաց, որ չունի նման տեղեկություն, բայց դա համարում է շատ կարևոր հարց։   

«Ումի՞ց են մեզ պաշտպանում՝ պարսիկների՞ց։ Ռուս սահմանապահները րոպե առաջ պետք է դուրս գան այդ սահմանից։ Այսօր նրանք նաև լրջորեն հետաքրքրվում են, թե մենք որտեղ ինչ ունենք։ Սահմանից ինֆորմացիա կար, որ նրանք աշնանը սահմանից մի 20-30 կիլոմետր բարձր սարերի վրա իրենց մեքենաներով գնացել էին այդ դիրքեր։ Նպատակը պարզ է՝ Հայաստանը ծնկի բերել։ Մեր սահմանապահները կարող են հսկել մեր սահմանները, 160 կմ սահմանը Ղարաբաղի տարածքում ո՞նց էին նայում։ Մի օրինակ ցույց տվեք, որ ռուս սահմանապահներից օգուտ ենք ստացել»,- եզրափակեց Գրիգոր Հարությունյանը։
 
Լիլիթ Թադևոսյան