Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դուք չեք կարող հաղթել ՀՀ-ում ոչ մի ընտրություն ձեր անունով․ կապանցիներին կոչ եմ անում՝ այս խմբակցությանը ցույց տան իրենց տեղը․ Ալեքսանյանը հիշեցրեց՝ Փարսյանը «Հայաստան» խմբակցության և Քոչարյանի թեկնածուն է

Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Ազգային ժողովում շարունակվում են հերթական նիստի աշխատանքները:
 
Արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի բոցաշունչ ելույթին, թե գորիսեցին գիտի ում ընտրել, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն ասաց. «Այո, գիտի. Առուշ Առուշանյանի հայրը գնացել ծեծել է ամեն մի դուռ, ասել է՝ սա քաղաքականության հետ կապ չունի, ընտրեք Առուշին՝ Առուշն ազատ արձակվի: Ասել է՝ կապ չունի՝ դուք Նիկոլին եք ընտրել, Քոչարյանին եք ընտրել, ոչ մի բանի հետ կապ չունի, խնդրում եմ ընտրեք Առուշին, որ Առուշն ազատվի: Եվ դուք այս ընտրության արդյունքները բերել եք այս քաղաքական ամբիոն, փորձում եք կապիտալացնել որպես Ռոբերտ Քոչարյանի քաղաքական դիվիդենդ»:

Ցույց տալով Ռոբերտ Քոչարյանի լուսանկարը՝ Վահագն Ալեքսանյանն ասաց. «Էս մարդու նկարը եթե անգամ դնեք «Ռեալ Մադրիդի» շապիկի վրա, էդ թիմը էլ ոչ մի խաղ չի հաղթի, ուր մնաց, թե ընտրություն հաղթեք: Դուք, հարգելիներս, չեք կարող հաղթել Հայաստանի Հանրապետությունում և ոչ մի ընտրություն ձեր անունով»:

Նա կապանցիներին կրկին կոչ արեց «Հայաստան» խմբակցությանը ցույց տալ իր տեղը. «Որովհետև Գևորգ Փարսյանը «Հայաստան» խմբակցության և Ռոբերտ Քոչարյանի թեկնածուն է»: