Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ես իրենց անձամբ ձեռքս մեկնել եմ, ջանով ջիգյարով ասել եմ՝ տղերք ջան, գնացեք, ոչ մի խնդիր չկա․ Սիսակ Գաբրիելյանը՝ ԱԺ-ում դաշնակցականների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի մասին

Ես իրենց անձամբ ձեռքս մեկնել եմ, ջանով ջիգյարով ասել եմ՝ տղերք ջան, գնացեք, ոչ մի խնդիր չկա․ Սիսակ Գաբրիելյանը՝ ԱԺ-ում դաշնակցականների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի մասին
Քաղաքականություն
14:38, 08 декабрь 2021
«Ես հասել եմ այն պահին, երբ կարծես թե դուք էլ էիք այդ պահին հասել: Չեմ հիշում միայն դաշնակցական երիտասարդներն էին, թե ոչ, ես իրենց անձամբ ձեռքս մեկնել եմ ջանով ջիգյարով ասել եմ՝ տղերք ջան, գնացեք, ոչ մի խնդիր չկա»,- խոսելով երեկ ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավորների դաշնակցական օգնականների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի մասին, ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։ 

Նա ասաց, որ ինքը միջադեպին հասել է այն պահին, երբ աղմուկ էր լսվում, մոտեցել է մի տղայի, որի հետ քաշքշուկ էր, ընդամենը նրան գրկել է, ուղեկցել է մինչև այն դուռը, որտեղ լրագրողներն էին, և ասել է՝  «եղբայր, այստեղով շուտ գնա»։ 

«Ցավում եմ, որ ձեզանից շատերը վերնագրերով նշում էին, որովհետև անկեղծ, մամուլից էի տեղեկանում, որ ես ինչ-որ բան եմ արել։ Մինչև ձեր հետ խոսելը մոտ 5 րոպե խոսում էի պարոն Մինասյանի հետ, ես էլ ուզում եմ հասկանալ, թե ինչից է ծագել այդ միջադեպը»,-ասաց Սիսակ Գաբրիելյանը։

Լրագրողների հարցին, թե դատապարտում է արդյոք տեղի ունեցածը, Սիսակ Գաբրիելյանն ասաց, որ դատապարտում է, այդ թվում՝ դատապարտում է 15-20 դաշնակցականների արածը, երբ 2020 թվականի դեկտեմբերի 28-ին, երբ ինքը միանյակ գնում էր աշխատանքի 20 հոգով հարձակվեցին մեկի վրա։ 

Նա ևս մեկ անգամ ասաց, որ դատապարտում է և անընդունելի է համարում, քանի որ չի կարելի բռնությամբ հարցեր լուծել, բայց  մանրամասներին չի տիրապետում։

«Չեմ տիրապետում, թե ինչու են գնացել հայտնվել այդ աշխատասենյակում, թե ինչո՞ւ է ծագել վեճը, պարոն Միանսյանի հետ հինգ րոպե դա ենք փորձում հասկանալ, իրեն ասում եմ՝ լավ դուք գոնե ձեր տղաներին հարցրեցի՞ք՝ ոնց հայտնվեցին այդտեղ, եթե անգամ հայտնվեցին, ինչից սկսեց այդ միջադեպը, արդյո՞ք  նախորդ խոսակցությունն էր պատճառը, թե՞ այլ ինչ-որ խոսակցություն, պարոն Մինասյանն ասաց, որ իր մոտ էլ առայժմ չկա այդպիսի հստակ պատկերացում, թե ինչն է եղել պատճառը, բայց եղել է տհաճ խոսակցություն, որի արդյունքում եղել է ծեծկռտուք։ Այդ մասին այս ինֆորմացիան են ինձ հայտնում, դուք ուզում եք, որ ես մանրամասն ինֆորմացիա հայտնեմ»,-ասաց Սիսակ Գաբրիելյանը։