Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի հարցի շուրջ հրապարակային շոո՞ւն է կարևոր, թե՞ խորքային քննարկումը․ Կառավարող ուժը ընդդիմությանը կրկին առաջարկեց փակ ձևաչափով հանդիպում վարչապետի հետ

Արցախի հարցի շուրջ հրապարակային շոո՞ւն է կարևոր, թե՞ խորքային քննարկումը․ Կառավարող ուժը ընդդիմությանը կրկին առաջարկեց փակ ձևաչափով հանդիպում վարչապետի հետ
Քաղաքականություն
19:45, 01 апрель 2022
Կառավարությունը մերժել է «Պատիվ ունեմ» խմբակցության նախագիծը, ըստ որի՝ առաջարկվում էր փոխել Ազգային ժողովի կանոնակարգ օրենքը, որպեսզի վարչապետն ու արտգործնախարարը արտաքին քաղաքականության, անվտանգային հարցերով բանակցային գործընթացի մասին երկու-երեք ամիսը մեկ զեկուցեն պատգամավորներին։ Ընդդիմադիր խմբակցության կողմից նմանօրինակ նախագիծ ներկայացնելու տրամաբանությունը անհասկանալի է դառնում այն համատեքստում, երբ իրենց ամիսներ առաջ արդեն առաջարկվել էր փակ ձևաչափով հանդիպում ունենալ վարչապետի հետ և քննարկել անվտանգային հարցեր, ընդդիմությունը, սակայն, մերժել էր առաջարկը։  

2021թ.-ի հոկտեմբերի 27-ին Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի թեմայով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի կողմից հնչեցվել էր մեկնաբանություն, թե՝ «նստենք խոսենք», ինչին ի պատասխան վարչապետ Փաշինյանն առաջարկել էր փակ հանդիպում կազմակերպել և հրավիրել բոլոր ընդդիմադիր պատգամավորներին։ Ավելին, Փաշինյանը շեշտել էր, որ պատրաստ է բաց և առարկայական ներկայացնել ամբողջ գործընթացը։ Սակայն ժամեր անց ընդդիմադիր խմբակցությունները շտապեցին հայտարարել, որ Փաշինյանի կողմից խեղաթյուրվել է իրենց խոսքերը, և իրենք միայն վարչապետի հրաժարականի օրակարգի շուրջ են պատրաստ հանդիպել։ Ընդ որում, երկու ընդդիմադիր խմբակցությունները հայտարարություններով մերժեցին վարչապետի հետ դռնփակ ռեժիմով հանդիպելու առաջարկը։ Եվ ահա այս մերժումից կես տարի անց «Պատիվ ունեմ» խմբակցությունը առաջարկում է մի նախագիծ, որը ոչ այլ ինչ է, քան վարչապետի հետ փակ ռեժիմով հանդիպում անցկացնելու հնարավորություն։ 

Կարելի է ենթադրել, որ ընդդիմադիրները փոշմանել են հանդիպումը մերժելու համար և նոր հանդիպման առաջարկ անելու կաշկանդվածությունը հաղթահարելու համար փորձում են դա անել հատուկ օրենսդրական կարգավորում ներդնելու միջոցով։

Կառավարությունը, նախագիծը մերժելով հանդերձ, կրկին պատրաստակամություն է հայտնել այլ ձևաչափով փակ հանդիպում կազմակերպելու։ Մասնավորապես, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը առաջարկել է «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններին վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ փակ աշխատանքային քննարկում կազմակերպել Ազգային ժողովի խորհրդի ֆորմատով, որում կքննարկվեն երկրի անվտանգային հարցերը: Փաստացի երկրորդ անգամ իշխանությունները պատրաստակամություն են հայտնում ամենաբարձր մակարդակով ընդդիմության ներկայացուցիչների հետ անցկացնելու դռնփակ հանդիպում՝ քննարկելու համար երկրի անվտանգային խնդիրները, և հիմա խորհրդարանական ընդդիմության արձագանքը ցուցիչ կհանդիսանա, թե որքանով են անկեղծ և պատրաստ կառուցողական քննարկման։ 

Վերջիվերջո ընդդիմությունը պետք է կողմնորոշվի՝ իր համար բովանդակությո՞ւնն է առաջնային, թե՞, ինչպես նախորդ անգամ, ձևը և ձևի շուրջ բարձրացած աղմուկը։

Վովա Հակոբյան