Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Համայնքապետեր կան, ասում են՝ վարչապետը չպետք է մտնի Սյունիք, բայց դուք ո՞վ եք, որ նման բան ասեք, ի՞նչ է, ուզում եք երկիրը մաս-մաս քանդե՞լ․ Ստեփան Գրիգորյան

Civic.am-ի հյուրը քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն է։


«Մենք հայտնվել ենք ինֆորմացիոն հարվածների տակ և՛ Ադրբեջանի կողմից, և՛ ներսից կան ԶԼՄ-ներ, որոնք շիկացնում են իրավիճակը։ Ալիևի շահերից է բխում, որ Հայաստանը արագ խելքի չգա, և ինքն իր շահերն առաջ տանի։ Կարծում եմ, մեզ համար այդքան էլ կարևոր չէ, թե ինչ է ասում Ալիևը, որքան վտանգավոր է, որ ներսում կան մարդիկ, որ Ալիևի ասածի շուրջ աղմուկ են բարձրացնում և սրում իրավիճակը», - զրույցի սկզբում անդրադառնալով Սյունիքում՝ վարչապետի այցի ընթացքում տեղի ունեցած միջադեպին և Ալիևի վերջին հայտարարություններին՝ կապված Զանգեզուրով միջանցք տրամադրելու հետ, նշեց Ստեփան Գրիգորյանը։
 
Գրիգորյանը նկատեց, որ չպետք է քաղաքական ակցիաներն ու դժգոհությունները շփոթել խուլիգանության հետ։ Ըստ Գրիգորյանի՝ կան մարդիկ, որոնք որևէ քաղաքական հարց չեն բարձրացնում, այլ հայհոյում են, անպատվում են, ուղղակիորեն սպառնալիքներ են հնչեցնում։
 
 Գրիգորյանը վտանգավոր համարեց տարբեր համայնքապետերի գործողություններն ու հայտարարությունները։ 

 «Հայտարարում են, թե վարչապետը չպետք է մտնի Սյունիք։ Դուք ո՞վ եք, որ ասեք ո՞վ կարող է մտնել, օրինակ, Մեղրի կամ Գորիս։ Այ ստեղ է, որ պետք է օրենքը խիստ աշխատի։ Սա արդեն ոստիկանության խնդիր չէ։ Արդեն ԱԱԾ-ն պետք է միջամտի։ Սա կոչվում է սուվերենություն։ Ինչ-որ մի բդեշխ ասում է՝ սա իմն է, չես կարող մտնել։ Սա ի՞նչ ձև է։ Էդ ի՞նչ է, ուզում եք մաս-մաս էս երկիրը քանդե՞ք», - ասաց Ստեփան Գրիգորյանը, ապա հավելեց․ «Ստացվում է, որ էդ մարդիկ ուզում են Սյունիքը անջատել Հայաստանից, կամա թե ակամա, դա էական չէ։ Պետք է խուլիգանությունը տարբերել քաղաքական պայքարից։ Այն մարդիկ, որոնք խուլիգանություն են անում, պետք է ոստիկանությունը իրենցով զբաղվի, բայց այն մարդիկ, որոնք սեպարատիստական կոչեր են անում, իրենցով պետք է զբաղվի ԱԱԾ-ն։ Ի դեպ, ես դեմ եմ, որ երկրորդ օրը իրենց ձերբակալեն։ Ուղղակի նստեն ասեն՝ դու կողմ ես, որպեսզի Սյունիքը անջատվի՞ Հայաստանից։ Հավաստիացնում եմ՝ կսկսեն երդվել, որ նման բան չկա, վստահ եմ, որ մտքներով էլ չի անցել։ Ուրեմն թող իրենց հռետորաբանությունը փոխեն»։

 Անդրադառնալով ԱՄՆ դեսպանի՝ Սյունիք այցելությանը, Գրիգորյանը համոզմունք հայտնեց, որ ԱՄՆ դեսպանը Սյունիք էր գնացել լուրջ ծրագրերով և առաջարկներով։ Գրիգորյանի կարծիքով ԱՄՆ-ը շահագրգռված է, որ Հայստանը զարգանա, ուժեղանա ու սուվերենության հետ կապված խնդիրներ չառաջանան։
 ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի ստեղծման առնչությամբ Ստեփան Գրիգորյանը նշեց, որ սա միջազգային հանրության կողմից շատ կոշտ և լրջագույն ճնշում կա Ադրբեջանի վրա։
 
Մանրամասն՝ տեսանյութում:
 
Վովա Հակոբյան