Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին 90-ականների առաջին դեմքերից ոչ մեկը չկա»․ Հովիկ Աղազարյան

«Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին 90-ականների առաջին դեմքերից ոչ մեկը չկա»․  Հովիկ Աղազարյան
Քաղաքականություն
16:19, 06 май 2021
«Հայաստանի Հանրապետությունում բոլոր աղետների, բացասական դրսևորումների կնքահայրը, ստեղծողը և արարողը Լևոն Տեր-Պետրոսյանն է», - այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետոսյանի այն հայտարարությանը, թե այս իշխանություններն ավելի վտանգավոր են, քան թուրք-ադրբեջանական տանդեմը։ 

«Դրսից ուրիշի աչքն էր հանում, ներսից՝ մեր աչքը։ Ինքն իրենից բացի ոչ մեկին չէր նկատում», - ասաց Աղազարյանը՝ խոսելով Տեր-Պետրոսյանի նախագահության տարիների մասին։ 

Աղազարյանը նշեց, որ Տեր-Պետրոսյանի հայտարարությունն այն մասին, որ նա պատրաստակամ է միանալ երկրորդ ու երրորդ նախագահներին, արվել է ոչնչացնելու համար այն բազմաթիվ երիտասարդներին, որոնք 2008-ին իրենից շատ բաներ սովորելով՝ իրավիճակ փոխեցին։ 

«Ինքը չի կարող հանդուրժել այն իրավիճակը, որ Նիկոլ Փաշինյանն ու իր երիտասարդ թիմը այս իրավիճակից դուրս գան պատվով։  Եթե նկատել եք՝ Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին 90-ականների առաջին դեմքերից ոչ մեկը չկա․ կան երկրորդ, երրորդ էշելոնի և հետո՝ երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ», - ասաց նա։