Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մենք կկտրենք Սյունիքը մնացած Հայաստանին հակադրելու փորձ անող ամեն մի ձեռք. Փաշինյան

Մենք կկտրենք Սյունիքը մնացած Հայաստանին հակադրելու փորձ անող ամեն մի ձեռք. Փաշինյան
Քաղաքականություն
12:32, 15 июнь 2021
Այսօր՝ հունիսի 15-ին, նախընտրական քարոզարշավի շրջանակներում Սյունիքի մարզ կատարած այցելության ժամանակ Սիսիանում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ այսօր Սյունիքի մարզ են գնացել Հայաստանի տարբեր մարզերից ու քաղաքներից ներկայացուցիչներ. «Ժողովրդից մկան նման գողացողները փորձում են Սյունիքը հակադրել Հայաստանին, իբր Սյունիքը և մնացածը տարբեր բաներ են: Եվ դա նրանք անում են «Բաժանիր, որ տիրես» հայտնի սկզբունքի ներքո, իրենց մի քանի կոպեկի համար:

Մենք ասում ենք՝ ոչ, Հայաստանը մեկն է և միասնական է, և միասնականությամբ է հզոր: Մենք կկտրենք Սյունիքը մնացած Հայաստանին հակադրելու փորձ անող ամեն մի ձեռք»:

Խոսելով սահմանային իրադրության մասին՝ Փաշինյանն ասաց. «Մենք արձանագրում ենք, որ մենք մեր դաշնակիցների աջակցությամբ սահմանային իրադրությունը պետք է լուծենք խաղաղ ճանապարհով, և դրա հնարավորությունը իրապես կա: Ադրբեջանի զորքերը աներկբայորեն պետք է դուրս գան սահմաններից, և այս տեսակետը պաշտպանում է ողջ միջազգային հանրությունը: Սահմանային կետերի երկայնքով պետք է տեղակայվեն ռուս սահմանապահների ներկայացուցիչներ, և նաև միջազգային դիտորդների հովանու ներքո պետք է տեղի ունենա Սոթքից Խոզնալար սահմանային կետերի ճշգրտում և սահմանների դելիմիտացիա ու դեմարկացիա: Մենք հետևողականորեն գնալու ենք այս ճանապարհով»:

Փաշինյանն ընդգծեց. «Մենք մեր միասնությամբ և միակամությամբ պետք է հստակ քայլենք մեր երկրի ամբողջականությունը պահպանելու ճանապարհով»:

Նա տեղեկացրեց, որ «Քաղաքացիական պայմանագիրը» համապետական հանրահավաքը և երթը անելու է հունիսի 17-ին, ժամը 20.00-ին, Հանրապետության հրապարակում. «Սա անում ենք հատուկ, որովհետև պարտված ուժը, որն արդեն գիտակցում է, որ ջախջախիչ պարտություն է կրելու, ուզում է ոստիկանության դուբինկաների տակ ընկնել, որպեսզի հետագայում ընտրությունների լեգիտիմության վրա ստվեր գցի»:

«Հունիսի 20-ին հայ ժողովուրդը պետք է տա Ղարաբաղը բանակցային սեղանից դուրս թողածների և Ղարաբաղին միջազգայնորեն ճանաչված միակ կարգավիճակից զրկածների պատասխանը, երկար տարիներ Հայաստանում ահաբեկչությունների, Հայաստանը կեղեքած էլիտայի, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը կոպեկներով սեփականաշնորհած և սեփական ստամոքսը լցրած ստահակների պատասխանը: Հայ ժողովուրդը պետք է տա  զինվորի հացը երկար տարիներ գողացած գեներալների պատասխանը, մեր երեխաների 30 տոկոսին անգրագետ դարձրած ստահակ իշխանությունների պատասխանը: Բոլոր ազնիվ դաշնակցականները պետք է տան «Պապլավոկ»-ում դաշնակցական Պողոս Պողոսյանին ծեծելով սպանած ստահակի պատասխանը: Այն դաշնակցականները, ովքեր ձայն  կտան այդ ստահակին, համայն հայության առաջ կայրեն ՀՅԴ դրոշը»: