Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հարկային բեսպրեդել է եղել 2003-ից մինչև 2017-ի վերջ․ «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյան

Հարկային բեսպրեդել է եղել 2003-ից մինչև 2017-ի վերջ․ «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյան
Քաղաքականություն
16:29, 15 июнь 2021
«Իհարկե ճնշումներ եղել են, հարկային բեսպրեդել է եղել 2003-ից մինչև 2017-ի վերջ։ Ինձ միշտ ասում էին անձնական թշնամի ունես»։

Հարկային, մաքսային ճնշումներ են եղել, և ինչ խնդիրներ, որ առաջացել են լուծել ենք դատարանում․ 52 դատական պրոցես ենք ունեցել»,-այդ մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց  «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը։

Նա նշեց, որ այդ ընթացքում երբ իրեն կանչում էին քննչական, կամ հարկայինը գալիս, խանգարում էր, դա խոչընդոտ է եղել իրենց գործունեության համար։

«Եվ այդ ընթացքում դու չես աշխատում, քո ուղեղը ստեղծագործելու փոխարեն ստեղծագործում է, թե ոնց կարդաս իրենց տխմար օրնենքները, որպեսզի տակից դուրս գաս։ Եղել է ժամանակ, որ փաստաբանի վրա հարձակվել են մեր գրասենյակում, եղել է՝ եկել են խմած, զենքով մտել են, տարբեր բաներ են եղել։ Ամենակարևոր բանը, եթե համամատելու լինենք և փոփոխության մասին խոսենք, ես գործարարների համապարփակ կարծիք ասեմ, էն ժամանակ մենք գիտեինք և՛ Ռոբի, և՛ Սերժի ախրանայի պետին, էն ժամանակ, բոլոր հարկայինների ղեկավարներին, նրանց տեղակալներին բոլորին ճանաչում էինք, էսօր մենք ոչ մեկին չենք ճանաչում առհասարակ։ Բայց էդ չի նշանակում, որ պետք է թույլ տալ, որ պատերազմ լինի»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը։ 

Այնուհետև նա նշեց, որ կան բաներ,որ չեն փոխվել դա այն է, որ վերցնում են ու սկսում են պետական փողը, որ դու որպես հարկատու վճարել ես, բաժանել քո ասպարեզում՝ փչացնելով քո շուկան։ 

«Տարիներ շարունակ, ինչպես Սերժի ու Ռոբի ժամանակ էր, տնտեսական մրցակցությունը խաթարվել է մեր բնագավառում, այսօր էլ այս իշխանությունը նույն տիպի ծրագրեր ունի, որոնք խաթարում են մեր բնագավառը, անընդհատ փողի ինվեստիցիա է մտնում  մեր բնագավառ, որը մեր շուկան փչացնում է»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը։

Նա տեղեկացրեց, որ մշակույթի նախարարությունը ժամանակին ուներ գրական գործակալություն և հենց այդ գործակալությունը փակվեց կամ համարյա փակվեց, գիրքը սկսեց ծաղկել։

«Հայտարարվում էին այդ դրամաշնորհները ու բոլոր չինովնիկները միանգամից էդ օրը դառնում էին հրատարակիչ ու սկսում էին, առանց պետության պատվերի իրենք երբեք գիրք չէին հրատարակում ու ստացվում էր, որ էն գրողը, որի գիրքը գրանտ է ստացել նա առավելություն էր ստանում, էն մյուս գրողը, որը չէր ստացել, չէր ստանում, դա մտավորականին կռացնելու, լռեցնելու միջոց էր ու այսօր էլ ցավոք այդ նույնը շարունակվում է։ Դրա գլխին կանգնած են մշակույթի գծով փոխնախարարները, որոնք այդպես էլ չհասկացան, որ ոչ թե պետք է հրատարակչին, գրողին ֆինանսավորեն, այլ ընթերցողին։ Դա նշանակում, է որ գիրքը առնեն գրախանութից տանեն գրադարաններում ապահովեն դա է պետության գործառույթը։ Պետությունը պետք է մտածի ժողովրդի ընթերցելու հնարավորության մասին, այլ ոչ թե գրողի գրելու»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը։

Լիլիթ Թադևոսյան