Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիայի հետ սահմանը բացելու պարագայում՝ մեր սահմանի մոտ՝ Թուրքիայում ապրող բնակչությունը օգտվելու է Հայաստանի շատ ծառայություններից․ Սուքիասյան

Թուրքիայի հետ սահմանը բացելու պարագայում՝ մեր սահմանի մոտ՝ Թուրքիայում ապրող բնակչությունը օգտվելու է Հայաստանի շատ ծառայություններից․ Սուքիասյան
Հայաստան
13:46, 17 январь 2022
«Մենք ինքներս պետք է իրողությունից բխող մտածենք, ունենք տարածաշրջան, ունենք երկրներ, որոնք մեզ հարևան են և այդ երկրների համախառն ներքին արդյունքի և նրանց տարբեր միջազգային կազմակերպություններում լինելու նրանց ուժի, նրանց հնարավորություններից բխող պետք է ամեն ինչ գիտակցենք»,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կառուցմանն ու սահմանը բացելու հարցին անդրադառնալով և հավելեց․«Հակառակ դեպքում, եթե պետք է անցնենք սոցիալական կայքերում անձնական գրառումների մակարդակին՝ մենք չենք կարող Հայաստանի Հանրապետությունը սահուն կերպով այլ հարթակ տեղափոխել»։

Ինչ վերաբերում է ռիսկերին՝ պատգամավորի խոսքով՝ ռիսկեր ցանկացած գործողության մեջ կան․ «Էստեղից Սևան եթե դուք մեքենայով գնում եք նույնպես ռիսկ կա, որովհետև կարող է ձեզ հանդիպակաց ճանապարհից մի մեքենա գա և ձեզ հարվածի»։

Հարցին՝ ինչ կասեք Հայաստանում Թուրքիայի կողմից տնտեսություն գրավելու, սեփականություններ ձեռք բերելու ռիսկերի մասին՝ պատգամավորն արձագանքեց․ «Հայ մարդիկ, որոնք ծնվել են այնտեղ, որտեղ Թուրքիայի պետությունն է հիմա տասնյակ, հարյուրավոր սերունդներով այնտեղ են ապրում։ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաներն ասում են, որ հայերն էստեղ տնտեսապես շատ լավ են զգում, այն հայերը, որոնք Ստանբուլում կամ այլ մեծ քաղաքներում են բնակվում։ Երկրորդը՝ իմ կարծիքով, ինչքանով ես ուսումնասիրել եմ, մեր սահմանից այն կողմ՝ Ղարս և մնացած տարածքները՝ մինչև 200կմ, այդտեղի բնակչությունը շատ ծառայություններից օգտվելու է Հայաստանի Հանրապետությունից»։ 

Խաչատուր Սուքիասյանը նշեց, որ ինքը մեսիջ է ուղարկել մեր բժշկական ծառայություններին, որ ժամանակակից սարքավորումներ ձեռք բերեն, որոնք արհեստական ինտելեկտով են աշխատում։ Պատգամավորը հավելեց նաև, որ մեր բժիշկները լավ կրթություն ունեն և հնարավոր է, որ վերոնշյալ տեղանքի բնակիչները՝ անկախ ազգությունից, Գյումրիից օգտվեն, իսկ Մարգարայի կողմից՝ կարող են Երևանից օգտվել․ «Մենք նույնպես օգտվելու ենք այն ծառայություններից, որոնք իրենց մոտ են զարգացած»։

Ինչ վերաբերում է ցեղասպանության հարցին՝ ինչպես ենք շփվելու մարդկանց հետ ովքեր մեզ սպանել են՝ ՔՊ պատգամավորն արձագանքեց․ «Անգլիացիներին էլ սպանել են ֆրանսիացիները, ֆրանսիացիներին էլ՝ անգլիացիներին, գերմանացիները այլ ազգերի։ Հրեաների ցեղասպանություն եղել է՝ նրանք հիմա Գերմանիայում հաշտ ապրում են, Գերմանիան էլ ճանաչում է հրեաների ցեղասպանությունը»։