Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արմավիրում այս տարի 2 փողոց է հիմնանորոգվելու, մյուս տարվա համար ավելի քան 1 մլրդ դրամի սուբվենցիոն հայտ ենք ներկայացրել. Դավիթ Խուդաթյան. տեսանյութ

Արմավիր համայնքում տրվել է սուբվենցիոն ծրագրով նախատեսված աշխատանքների մեկնարկը։ Նախորդ տարվա սուբվենցիոն ծրագրերն արդեն ավարտվել են, այս տարի համայնքը սուբվենցիոն երեք խոշոր հայտ է ներկայացրել, որոնք պարունակում են տասնյակին մոտ ծրագրեր։ 

Աբովյան փողոցի շինաշխատանքներն արդեն սկսվել են։ Շինարարը խոստանում է մեկ ամսվա ընթացքում աշխատանքներն ավարտին հասցնել։

Ապահովվելու է նաև փողոցի ջրահեռացումը։ Փողոցը շահագործման կհանձնվի գծանշված և ճանապարհային նշաններով կահավորված վիճակում։

Բացի Աբովյանից, Արմավիր քաղաքում կհիմնանորոգվի նաև Գորկի փողոցը։ Քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը նշեց, որ մյուս տարվա համար ասֆալտապատման ծավալները մեծացվել են, ներառվել են նաև գյուղական համայնքները։

2018-ից սկսած՝ բազմաթիվ փողոցներ են ասֆալտապատվել Արմավիրում, տեմպերը պահելու դեպքում ևս 5-6 տարի է անհրաժեշտ քաղաքի այն փողոցները, որոնք խորհրդային տարիներին ասֆալտապատված են եղել, կրկին ասֆալտապատելու և  շահագործման հանձնելու համար։

Իսկ գյուղական համայնքների մասին քաղաքապետն ասաց, որ միջգյուղական բոլոր ճանապարհները ասֆալտապատելու համար դեռ երկար տարիներ պետք կլինեն, չնայած արդեն սկսել են այդ աշխատանքները։

Արմավիրում ևս մեկ խոշոր ծրագիր է իրականացվում՝ փոխվում են խմելու ջրագծերը։ Շինաշխատանքները սկսվել են նախորդ տարի, այս տարի դեռ շարունակվում են, աշխատանքների կեսից ավելին արդեն իրականացվել է։

«Դառոժնիկ» ընկերության աշխղեկը, որն իրականացնում է աշխատանքները, նշեց, որ փոխվում է քաղաքի ջրագծերի կեսից ավելին։
Համայնքին հաջողվել է նաև խնայողություններ անել։ Մոտ 1,5 մլն եվրո խնայողություններով նախատեսված է իրականացնել ջրագծերի փոխարինման աշխատանքներ քաղաքի այլ հատվածում։

Հաջորդը մանկապարտեզների կառուցման և վերանորոգման ծրագրերն են, որոնք իրականացվելու են համայնքում։