Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Պահանջում ենք՝ բացատրություն տան, թե ովքեր են գերի, որ գոնե հանգիստ լինենք, իմանանք, որ այնտեղ են»․ ծնողները վարչապետի հետ հանդիպում են ուզում

«Պահանջում ենք՝ բացատրություն տան, թե ովքեր են գերի, որ գոնե հանգիստ լինենք, իմանանք, որ այնտեղ են»․ ծնողները վարչապետի հետ հանդիպում են ուզում
Հայաստան
14:47, 12 апрель 2021
«Մեզ պետք է իմանանք ինչ է կատարվում եւ ինչ է փոփոխվել, որովհետեւ ծնողները քուն ու դադար չունեն։ Գնում ենք ՊՆ, ասում են՝ Ազգային անվտանգություն գնացեք։ Այսօր ԱԱ՞Ծ-ն է պատասխան տալիս, թե՞ Կառավարությունը կամ ՊՆ-ն», - այս մասին Կառավարության դիմաց ասաց անհայտ կորած զինծառայողների ծնողներից մեկը։

Նա շեշտեց, որ իրենց պետք է Նիկոլ Փաշինյանը ընդունի, որպեսզի հասկանան՝ ի՞նչ է կատարվել, ի՞նչ նորություն կա  գերիներից։ «Մեր երեխաները այսօր այնտեղ են, ծնողներն են այդ ցավը հասկանում։ Մենք՝ ծնողներս, պահանջում ենք բացատրություն տան, թե ովքեր են գերի, որ գոնե հանգիստ լինենք, իմանանք, որ այնտեղ են», - ասաց նա։

Ծնողը հավելեց, որ Նիկոլ Փաշինյանը գնացել է Մոսկվա եւ  քննարկել գերիների հարցը․ ուզում են իմանալ ի՞նչ նորություն կա, քանի հոգու գերի լինելն է հաստատվել։ «Նիկոլ Փաշինյանի օգնականները ցույց են տալիս, թե կարող են վարչապետի փոխարեն հարց լուծել», - ասաց նա եւ հավելեց, որ այսօր Ազգային անվտագությունն է զբաղվում գերիների հարցով, պետք է վարչապետի հետ հանդիպմանը ԱԱԾ պետը ներկա լինի եւ ներկայացվի իրավիճակը։

Ազգային ժողովում կանգնում ասում էին՝ պատերազմ են ուզում՝ պատերազմ կանենք․ Հիմա ես պարոն Փաշինյանին խնդրում եմ՝ բռնի դրանց տանի տա ու մեր երեխեքին բերի տա մեզ։ Այս մասին Կառավարության դիմաց հայտարարեց անհայտ կորած զինծառայողների ծնողներից մեկը, որ ցանկանում են հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Ծնողներից մեկ ուրիշը, դիմելով Գագիկ Ծառուկյանին, ասաց. «Ազգի սուգը չի վերջացել՝ դու բերում ես սայլուտ ես տրաքացնում։ Վերտալյոտով թռուցիկներ եք թափում։ Մարդ եղեք, հարգեք այս ազգի վիշտը։ Խոսում եք Եռաբլուրից, գնացեք   Եռաբլուր... Դուք այսօր մենակ մտածում եք, որ ձեր համար լավ լինի։ Երբ ձեւական գնում եք մտնում Եռաբլուր, հետո նկարահանվում, Եռաբլուրի մասին ցավացողը սայլուտներ չի կրակի, կհարգի սուգը»։

Դիմելով ժողովրդին՝ ծնողը  կոչ արեց միասնական լինել․ «Պարոն Փաշինյանի հետ հանդիպումից պարզ կլինի, թե մենք ինչ պետք է անենք, որ մեր երեխեքին մի վայրկյան շուտ բերենք, կլինի Մուրադով, թե Պուտին՝ մեր երեխեքին բերելու ենք», - հավելեց նա։