Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թալինում նախորդ ավագանու անդամների բոյկոտի պատճառով 2022-ին սուբվենցիոն ծրագրերի միայն կեսն է իրականացվել. չիրականացված աշխատանքները կկատարվեն 2023-ին․ տեսանյութ

2022 թվականի համար Թալին համայնքը սուբվենցիոն 6 ծրագիր էր ներկայացրել կառավարություն, սակայն դրանցից երեքն են տարվա ընթացքում իրականացվել։ Այդ երեք աշխատանքները ավարտական փուլում են։ Պատճառները, թե ինչու ոչ բոլոր ծրագրերն իրականացվեցին, քաղաքական են։ Նախորդ տարվա դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններից հետո չնայած «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել էր ամենաշատ ձայները, բայց ուժերից ոչ մեկին չէր հաջողվել 51 տոկոս և ավելի քվե ստանալ։ Ավագանու անդամի մանդատներ ստացած «Զարթոնք ազգային քրիստոնեական», «Հայք» լիբերալ և «Մեր համայնք» կուսակցությունները մասնակցեցին ավագանու միայն առաջին նիստին, հաջորդ նիստերը բոյկոտեցին, որի պատճառով հնարավոր չեղավ հաստատել բյուջեն, և համայնքը ստիպված էր աշխատել նախորդ տարվա՝ չխոշորացված բյուջեով։ 

Համայնքում այս տարվա սեպտեմբերի 25-ին նոր ընտրություններ տեղի ունեցան, որի արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացավ ընտրողների ձայների 61 տոկոսը, և վերջնականապես ձևավորվեց ավագանու նոր կազմը։ Այժմ արդեն համայնքը կարող է բյուջե հաստատել և աշխատել նոր բյուջեով, հետևաբար նաև իրականացնել նախընտրական խոստումները։ Չնայած հանգամանքին, որ համայնքը չուներ հաստատված նոր բյուջե, համայնքապետարան-կառավարություն համագործակցության շնորհիվ հաջողվեց այս տարվա ընթացքում իրականացնել սուբվենցիայով նախատեսված 3 ծրագիր։ 

Համայնքապետի տեղակալ Սերգեյ Մկրտչյանի խոսքով՝ չիրականացված ծրագրերը կիրականացվեն 2023 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։ Թալինի պուրակի աշխատանքները վերջնականապես կավարտվեն մի քանի օրվա ընթացքում, նախատեսված է նաև լուսավորություն անցկացնել, նստարաններ տեղադրել։ Գորկի փողոցն արդեն հանձնվել է շահագործման։ Ծրագրի արժեքը կազմել է 7 մլն դրամ։ Դավթաշեն բնակավայրում ասֆալտապատման աշխատանքները ևս մոտենում են ավարտին։ Շուրջ 2 կմ ճանապարհը վերջին անգամ Խորհրդային Միության ժամանակահատվածում էր ասֆալտապատվել՝ 70-ականներին։ Այժմ երկշերտ ասֆալտապատում է իրականացվում։ Համայնքի վարչական ղեկավարն ասում է՝ իրենց բնակավայրը մոտ է M1 մայրուղուն, այդ պատճառով համայնքի ասֆալտապատումը միշտ հետաձգվել է, նախապատվությունը տրվել է մայրուղուց ավելի հեռու գտնվող համայնքներին։ Այս տարի, վերջապես, հերթն իրենց էլ հասավ։ Համայնքում բազմաթիվ խնդիրներին ավելացել են նաև հաստիքացուցակների, աշխատողների հետ կապված խնդիրները, քանի որ դեռ չկա նոր հաստիքացուցակ, համայնքը ստիպված է աշխատել նախկին հաստիքացուցակով։ 

Չնայած բոլոր խնդիրներին՝ համայնքապետ Տավրոս Սափեյանը նշում է, որ համայնքապետարանը, իրենց թիմը կառավարության հետ համատեղ կարողացան տարբեր եղանակներով դուրս գալ ստեղծված ճգնաժամային իրավիճակից և ապագայում էլ կատարելու են նախընտրական բոլոր խոստումները։ 

Մանրամասն՝ տեսանյութում 

Վովա Հակոբյան