Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կար միտում ՀՀ-ն բաժանելու մասերի, եւ դա նկատվում է ուղղորդված խմբակների կողմից․ Լիլիթ Մակունցը՝ Սյունիքի դեպքերի մասին

Կար միտում ՀՀ-ն բաժանելու մասերի, եւ դա նկատվում է ուղղորդված խմբակների կողմից․ Լիլիթ Մակունցը՝ Սյունիքի դեպքերի մասին
Հայաստան
14:48, 23 апрель 2021
Սյունիքի մարզում ակցիաներ էին՝ ուղեկցված խուլիգանական դրսեւորումներով։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ օրեր առաջ Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում տեղի ունեցած միջադեպերին։

«Դժգոհելու առիթ միշտ կա, այստեղ հարցը այլ է։ Կար որոշակի միտում Հայաստանի Հանրապետությունը բաժանելու մասերի, եւ դա նկատվում է ուղղորդված խմբակների կողմից, որը ուղղակի չի կարող ընդունելի լինել որեւէ երկրի քաղաքական ղեկավարության եւ իրավապահ համակարգի կողմից։ Ես չեմ կարող անուններ հնչեցնել, որովհետեւ չգիտեմ, բայց կողքից հետեւելով իրադարձություններին եւ տեսնելով՝ ինչպիսի գործողություններ են ծավալվում՝ տպավորություն ունեմ, որ այդ ամենը ուղղորդված է»,-ասաց Մակունցը։

Մակունցի խոսքով՝ իշխանությունը իր գործողություններով որեւէ կերպ չի փորձել եւ միտում չի ունեցել տարանջատելու հասարակությանը։ «Դա է պատճառը, որ 2018-ից եղել են հայտարարություններ եւ գործողություններ, որոնք միտված էին հնարավորություն տալու բոլորին դաշտում ինքնադրսեւորվելու եւ տալու հնարավորություն իրենց մասնագիտական գործունեությունում դրսեւորելու ի նպաստ Հայաստանի շահերին սպասարկող վարքագիծ»։ 

Նա շեշտեց, որ վերջին ամիսների ընթացքում նունյպես ՀՀ իշխանության գործողությունները որեւէ կերպ չեն մղել քաղաքացիներին եւ քաղաքական կամ հասարակական խմբերին ձեռնարկելու նման գործողություններ։

Հարցին՝ ինչո՞ւ հրաժարական տվեց Սոցապնախարարը և կան տեղեկություններ, որ «Իմ քայլը» Մեսրոպ Առաքելյանի  «Առաքելություն» կուսակցության հետ կրկին դաշինքով է գնալու ընտրությունների եւ հենց դրա համար է հրաժարական տվել, Մակունցն ասաց, որ ինքը նույնպես նման լուրեր է կարդացել մամուլում, սակայն ճիշտ կլինի, որ դա մեկնաբանի Առաքելյանը։

«Ընտրութություններին մասնակցելու ձեւաչափի վերաբերյալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը վերջնական որոշում կկայացնի եւ հանդես կգա հայտարարությամբ», - հավելեց Մակունցը։