Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եթե առաջ նախկինները փող էին բաժանում իշխանության գալու համար, այս անգամ բաժանեցին ընդդիմություն դառնալու համար․ Արամ Սարգսյան

«Այսօր ունենք ԱԺ, որը ժողովրդավարության կանոններով ընտրված Ազգային ժողով է՝ հնարավորինս շատ քիչ խախտումներով։ Եթե նախկինում նախկինները փող էին բաժանում իշխանության գալու համար, այս անգամ բաժանեցին՝ ընդդիմություն դառնալու համար։ Նրանք պատրաստ են գնալու՝ ԱԺ-ում ընդդիմություն աշխատելու, ինչը ես համարում եմ շատ ճիշտ։ Եվ նաև կոչ եմ անում իրենց գնալ ԱԺ, նաև իշխանության սխալներն ուղղելու համար»,- «Ազատության» հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։  

Անդրադառնալով «Հայաստան» դաշինքի կողմից արված այն հայտարարությանը, որ ընտրությունների արդյունքները վիճարկելու համար՝ ՍԴ են դիմելու՝ Արամ Սարգսյանը նշեց․ «Վստահ եմ, որ ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Արթուր Վանեցյանը ՍԴ դիմելով հույսեր չեն փափագում, որ այնտեղից կարող է ընտրության պատկերի, կամ քաղաքական իշխանության փոփոխության տեղաշարժ լինի, որովհետև իշխանությունները փոխվում են ընտրության քվեարկությամբ և փողոցում համաժողովրդական ճնշումներով»։ 

Հարցին՝ 25 ուժերից 5-րդ տեղում եք 3,4 տոկոսով, վերլուծե՞լ եք ինչու չհավաքեցիք այդ աննշան 1,6 տոկոսը խորհրդարան անցնելու համար՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահն արձագանքեց․ «Ի սկզբանե մենք հասկանում էինք, որ խնդիրը շատ բարդ է լինելու, որովհետև հանրությանը հեշտ է բաժանել սևի ու սպիտակի, հաղթողի ու պարտվողի ու դրա համար ամբողջ քարոզարաշվին ես ժողովրդին կոչ էի անում քվեարկել ոչ թե հաղթողով ու պարտվողով, այլ լսել, թե ով ինչ է առաջարկում, և ում առաջարկը իր սրտին մոտ է քվեարկել։ Այդ դեպքում քաղաքացին կհաղթեր։ Բայց քանի որ նախկիները հայտը շատ բարձրացրեցին վերև, քաղաքական դաշտը բերեցին նրան, որ նախկինում ավելի լավ էր, քան հիմա՝ խնդիրը տեղափոխեցին պատերազմ, պատերազմի պարտության դաշտ՝ քաղաքացին ստիպված եղավ ընտրություն կատարել՝ ով է մեղավոր պատերազմում պարտության համար»։ 

Արամ Սարգսյանի խոսքով իր քվեով քաղաքացին որոշեց, որ պարտության համար ավելի շատ մեղավոր են նախկինները, և այն մեղադրանքները ինչը հնչեցվում է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ պատերազմի առումով՝ քաղաքացին ավելի քիչ հավանական համարեց․

«Այս առումով Նիկոլ Փաշինյանը հավաքեց ձայների մեծամասնությունը, նախկին իշխանություններն իրար հետ գումարած մտան ԱԺ, դարձան փոքրամասնություն, մնացածը պատերազմի հետ կարծես կապ չունեին և մնացին ընդհանուր գործընթացներից դուրս։ Ես կարծում եմ Ռոբերտ Քոչարյանի նման քաղաքական տեխնոլոգիաներով մասնակցությունը քաղաքական դաշտին լուրջ վնաս տվեց, որովհետև հակառակ պարագայում ԱԺ կմտնեին 4-5 ուժ»։ 

Հարցին՝ Քոչարյանի խոսքով իրենք ՍԴ դիմելու հիմքում դնելու են նաև այն, որ իրենց հավաքներն ավելի մարդաշատ էին, և Գելլափն իրենց ավելի բարձր տոկոս էր տվել՝ Արամ Սարգսյանն այդ հիմքերը համարեց ծիծաղելի․«Այդ հիմքերին նույնիսկ ժողովրդական մակարդակով կարելի է պատասխանել։ Կարելի է ասել  Ձեր միտինգին մասնակցում էին այնքան, ինչքան ձեզ քվե են տվել, կամ 3 անգամ ավելին, ասենք 30․000 է մասնակցել՝ անգամ 3՝ 90․000 ձեզ քվե է տվել, հետո՞։ Կամ Գելլափի հարցումները․ Գելլափը դա խայտառակություն է և մեր ժողովուրդը պետք է մերժի։ Այդ մարդիկ ուղղակի ժողովրդին ստելով, ժողովրդի հույզերի վրա խաղալով՝ փող են գողանում։ Իրենք շատ ավելի վատ գող են, քան պետության բյուջեից գումար գողացող մարդը, որովհետև քաղաքական կուսակցությունները լուրջ ծախսեր են անում, պոնտենցիալ ներուժ են դնում իրենց մոտեցումները ցույց տալու, քաղաքական մեթոդներ են կիրառում՝ նորարարություններ, հանրության մեջ ընկալելի դառնալու համար, իրենք իրենց պատվիրված հարցումներով՝ սառնարանում մի երկու էկզոստիկ միրգ ունենալու համար պատրաստ են ամեն ինչի։ Պատվիրատուն ով պատվիրել է, նա էլ իր թվերն է պատվիրել Գելլափին»։ 

Արամ Սարգսյանն անդրադառնալով այն տեսակետին, որ Սերժ Սարգսյանն այնքան էլ հակված չէր իշխանափոխության և Քոչարյանի հաղթանակին և հենց դրա համար էլ առանձին մտավ ընտրապայքար և արմատական ընդդիմության ձայներ փոշիացրեց՝ մեկնաբանեց․

«Սերժ Սարգսյանի ամբողջական թիմն իր ամբողջ պոտենցիալով, իսկ այնտեղ պոտենցիալ ունեցող մարդիկ կան՝ ի սկզբանե չմասնակցեցին այս գործընթացներին։ Ես դրա պատճառը տեսնում եմ, ոչ թե նրանում, որ չուզեց Քոչարյանին անցնի, այլ չդրեց այդ խնդիրը, որ ինքը իրանցով դնի ու հաղթի։ Սերժ Սարգսյանն ավելի իրատեսական էր, քան Ռոբերտ Քոչարյանն ու իր թիմը, որոնք համոզված էին, որ այս իրավիճակում իրենք կարող են հաղթել, դա անհնարին բան էր»։ 

«Հանրապետություն» կուսակցություն նախագահի խոսքով՝ մարդ բացարձակ պետք է կտրված լինի իրականությունից, որ հավատա՝  2018թ․ հեղափոխությունից հետո իրենք կարող են հետ գալ, որ այդ մերժվածը մոռացվել է, որ այդ համակարգը կարող է նորից վերածնվել իրականությունից․ «Սերժ Սարգսյանի թիմի մարդիկ չեն ասում, որ իրենց թեկնածուի պարտությունից կամ ԱԺ քիչ թվով մտնելուց հետո իրենք արտագաղթելու են, նման բաներ ասում են Ռոբերտ Քոչարյանի թիմակիցները։ Եթե Հայաստանում շատ հարուստ ապրող մարդն ասում է, որ իր թեկնածուի վարչապետ չդառնալու պարագայում ինքը լքելու է հայրենիքը՝ հասկանում ես, որ այդ մարդուն հայրենիքը պետք է եղել միայն կթելու համար, այսինքն իր համար պետական շահ ասվածը ոչ մի բան է»։ 

Արամ Սարգսյանը պատասխանելով հարցին՝ արդյոք ընտրություններից հետո վարչապետի հետ հայդիպելիս իրեն պաշտոն է առաջարկվել՝ միանշանակ ասաց՝ ոչ, սակայն նշեց, որ եթե ոչ քաղաքական պաշտոնների առաջարկներ լինեն իրենց թիմում կան կոմպետենտ մարդիկ և այդ հարցը կքննարկեն․ «Իմ պատկերացմամբ վարչապետը փորձում է հանրային խորհրդի նման ինչ-որ կառույց ձևավորել արդեն հանրային ուժերով, որոնց հետ ամիսը մեկ հանդիպի, որոնք կարող են ուղիղ քննադատել իրեն, առաջարկություններ անել, ինչը ես համարում եմ դրական»։ 

Մանրամասները՝ տեսանյութում