Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ձեր հնչեցրած թվերը հին են. Կամավոր պատվաստման հակվածությունը հիմա շատ ավելի մեծ է. ֆինանսների նախարարը՝ Արեգնազ Մանուկյանին

Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ԱԺ հերթական նիստում շարունակում է քննարկվել 2022 թվականի բյուջեի մասին նախագիծը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը առաջարկել էր կենսաթոշակային տարիքի մարդկանց վճարել 10 հազարական դրամ, որը, նրա կարծիքով, կխթաներ պատվաստումների գործընթացին, սակայն նրա առաջարկը չի ընդունվել:

Պատգամավորի խոսքով՝ մարդկանց գիտակցությունը չի բարձրացել կամավոր պատվաստման համար, այլ պարտադրանքների և ճնշումների արդյունքում են շատերը պատվաստվում. «Հայաստանում շատ ցածր ցուցանիշ է պատվաստման՝ գրեթե 7 տոկոս, ինչը ամենացածրն է թե տարածաշրջանի երկրների, թե ԱՊՀ երկրների, թե եվրոպական երկրների համեմեատ»:

Ի պատասխան ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց. «Ձեր հնչեցրած թվերը բավականաչափ հին են: Հատկապես վերջին շաբաթներին շատ բարձր ակտիվություն է ցուցաբերվում, և վերջին ամիսներին իրավիճակը կտրուկ է փոխվել. մեր համաքաղաքացիների շրջանում կամավոր պատվաստումների հակվածությունը ավելի բարձր է, քան 6 ամիս կամ մեկ տարի առաջ: Այդ արտակարգ գործիքը կիրառելու կարիքը հիմա չկա, ամեն ինչ գնում է սպասված ուղով, և քաղաքացիները կամավոր պատվաստվում են և իրենց պաշտպանում են համավարակի հնարավոր բացասական հետևանքներից»: