Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԳՆ նախարարի հրաժարականի հետ կապված հարցերը մնում են անպատասխան․ Ստյոպա Սաֆարյան

ԱԳՆ նախարարի հրաժարականի հետ կապված հարցերը մնում են անպատասխան․ Ստյոպա Սաֆարյան
Հասարակություն
17:06, 01 июнь 2021
Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ԱԳՆ նախարարի հրաժարականի հետ կապված հարցերը մնում են անպատասխան, մանավանդ նրա հրաժեշտի խոսքում առկա կարևոր, բայց փաստերով չհիմնավորված գնահատականների համատեքստում։ Նա իր հրաժարականը ներկայացրեց այն օրը, երբ վարչապետ Փաշինյանը ԱԽ նիստում հնչեցրեց Ռուսաստանին ու ԵԱՀԿ ՄԽ-ին ուղղված «դրվագային սահմանազատման» առաջարկը։ Որքան հասկանում եմ մինչ օրս առկա ու չհերքված տեղեկատվությունից՝ խնդիրը դրանից նախարարի անտեղյակության մեջ չէ, այլապես նա դրա մասին կխոսեր։ Խնդիրը ակնհայտորեն զարգացումների մեջ է, իսկ թե որ՝ դժվար է ասել։ Ակնհայտ է, որ ունենք ռուսական միջնորդության դաշտում եռակողմ պրոցես, որտեղ առաջարկվում է ամբողջ սահմանի սահմանազատում՝ որտեղ նախարարը կարող էր առարկություններ ունենալ, քանի որ Ադրբեջանը փորձում էր դրա տակ Հայաստանին «հրաժարեցնել» Արցախից, իսկ ԱԳՆ հայտարարությունը այդ պրոցեսը փոխկապակցեց սահմանազատման հետ։ Նախարարի նման դան հետ կարծես թե համաձայն չէ նաև վարչապետը, քանի որ նրա առաջարկած «դրվագային սահմանազատումը» ԱԳՆ այդ հայտարարության հետ միասին /իսկ այն համաձայնեցված է եղել վարչապետի ու ԱԳՆ միջև/, առավել ևս նաև ԵԱՀԿ դիտորդների ներգրավմամբ, միգուցե ոչ համընկող, բայց կրկին այդպիսի դիրքորոշման մասին է։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը այսօր հաստատել է, որ ապաշրջափակման եռակողմ ձևաչափում ևս Հայաստանը դադար է տվել՝ Ադրբեջանի կողմից սահմանախախտման չվերացման պատճառով։ Հետևաբար հարց է ծագում՝ քանի որ վերոգրյալից այլ հնարավոր տարաձայնություն հասկանալի չի դառնում, ապա ԱԳ նախարարը դե՞մ էր նման դիրքորոշմանն ու քայլերին․․․ Եվ ընդհանրապես, ի՞նչ ռիսկեր են առաջանում այս ամենի արդյունքում․․․ Իշխանությունը ի՞նչ հաշվարկներ ունի․․․»։