Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից պաշտպանել է Ադրբեջանի ագրեսիան՝ Հայաստանին մեղադրելով «բանակցությունների իմիտացիայի» և «սադրանքների կիրառման» մեջ

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից պաշտպանել է Ադրբեջանի ագրեսիան՝ Հայաստանին մեղադրելով «բանակցությունների իմիտացիայի» և «սադրանքների կիրառման» մեջ
Աշխարհ
14:01, 25 сентябрь 2022
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, շաբաթ օրը ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում,   հայտարարել է, որ Բաքուն ձգտում է հարաբերությունների կարգավորման Երևանի հետ՝ հանուն տարածաշրջանում խաղաղության, և Հայաստանին մեղադրել է «բանակցությունների իմիտացիայի» և «սադրանքների կիրառման» մեջ։

«Չնայած վերջին ամիսներին շփումների աճող դինամիկային, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության, Հայաստանը, երևում է, հավատարիմ է մնում «բանակցությունների իմիտացիայի» նախկին պրակտիկային և իր պարտավորությունները բարեխղճորեն կատարելու փոխարեն՝ հաճախ դիմում է «սադրանքների և դիվերսիաների» էսկալացիայի համար և «խաթարում» Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը»,- հայտարարել է Բայրամովը։

Նա նշել է, որ Հայաստանը լիովին դուրս չի բերել իր զինված ուժերը «Ադրբեջանի տարածքից», ինչպես նախատեսված է 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ, և «շարունակում է տարբեր ռազմական գործողություններ Ադրբեջանի տարածքում՝ ներառյալ հակահետևակային ականների տեղադրումը»։

Նրա խոսքով՝ սեպտեմբերի 12-14-ը «Ադրբեջանի սահմանին» «Հայաստանի կողմից իրականացված վերջին սադրանքը» կրել է լայնածավալ բնույթ, որը «կանխարգելելիս» զոհվել է 80 ադրբեջանցի զինվոր, 281 մարդ, այդ թվում՝ երկու խաղաղ բնակիչ, վիրավորվել է։ Բացի դրանից, նրա խոսքով, «Հայաստանի այդ սադրանքի» հետևանքով զգալի վնաս է հասցվել Ադրբեջանի ռազմական ենթակառուցվածքին։
Բայրամովն ընդգծել է, որ նման իրավիճակում Ադրբեջանը «համարժեք միջոցներ» է ձեռնարկել՝ չեզոքացնելու համար իր ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականության նկատմամբ «սպառնալիքը», ապահովելու համար այդ շրջանում վերականգնողական աշխատանքներում ներգրավված «խաղաղ բնակիչների անվտանգությունը»։

Բայրամովը նշել է, թե իբր Ադրբեջանը շահագրգռված չէ լարվածության հարցում, և հավելել է. «Մենք հույս ունենք, որ Հայաստանն ի վերջո կդրսևորի կառուցողականություն և կմիանա բանակցություններին»: 

Անդրադառնալով ՄԱԿ ԳԱ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին՝ Ադրբեջանի ԱԳ նախարարը նշել է. «Ցավոք, դա հերթական ապացույցն էր այն բանի, որ հայկական կողմը մտադիր է շարունակել առճակատումը՝ նորմալացման փոխարեն: Մենք կարծում ենք, որ մեր տարածաշրջանը բավականաչափ հակամարտություն, ավերածություններ և տառապանքներ է տեսել: Ժամանակն է, որ երկու երկրների ժողովուրդները ամբողջովին զբաղվեն հետկոնֆլիկտային կարգավորմամբ, որպեսզի մենք վերջապես կարողանանք շրջել մեր պատմության ողբերգական էջը և սկսենք ավելի լավ ապագա կառուցել մեր երեխաների համար։ Ադրբեջանական կողմը «հավատարիմ» է իր ստանձնած պարտավորություններին»: