Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ ՊՆ-ն չի դիմել Ղազախստանին, Վրաստանին և այլ երկրների՝ մոբիլիզացիայից խուսափած Ռուսաստանի քաղաքացիներին վերադարձնելու խնդրանքով

ՌԴ ՊՆ-ն չի դիմել Ղազախստանին, Վրաստանին և այլ երկրների՝ մոբիլիզացիայից խուսափած Ռուսաստանի քաղաքացիներին վերադարձնելու խնդրանքով
Աշխարհ
17:15, 27 сентябрь 2022
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը չի դիմել Ղազախստանի, Վրաստանի և այլ երկրների պետական մարմիններին՝ այնտեղ գտնվող Ռուսաստանի քաղաքացիներին իբր հարկադրաբար վերադարձնելու համար։ Այս մասին հայտարարել է ռազմական գերատեսչությունը:
«ՌԴ ՊՆ-ն մասնակի մոբիլիզացիայի շրջանակներում որևէ դիմում չի ուղարկել, չի մշակել և չի ծրագրում ուղարկել Ղազախստանի Հանրապետության, Վրաստանի և այլ երկրների պետական մարմիններին այնտեղ գտնվող ՌԴ քաղաքացիներին իբր հարկադրաբար Ռուսաստան վերադարձնելու հարցով»,- հայտարարել է նախարարությունը։
 
Երեքշաբթի օրը Ղազախստանի ներքին գործերի նախարար Մարատ Ախմետժանովը հայտարարել է, որ հանրապետության իշխանությունները չեն ծրագրում Ռուսաստանին հանձնել մոբիլիզացիայից խուսափած քաղաքացիներին։ Նրա խոսքով՝ Ղազախստանի իշխանությունները կարող են Ռուսաստանի Դաշնություն արտահանձնել միայն հանցագործներին, որոնց նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում։ «Նման դեպքերում, միջազգային իրավունքի համաձայն, մենք պետք է հանցագործին հանձնենք հայցող կողմին»,- նշել է նա։ ՆԳՆ ղեկավարը մանրամասնել է, որ եթե Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին «զինկոմիսարիատները փնտրում են, ապա դա իրավական հիմք չէ նրանց հանձնելու համար»։

Հանրապետության ՆԳՆ միգրացիոն ծառայության կոմիտեի նախագահի պաշտոնակատար Ասլան Ատալիկովն ավելի վաղ հայտնել էր, որ սեպտեմբերի 21-ից Ղազախստան է մուտք գործել մոտ 98 հազար ՌԴ քաղաքացի, միաժամանակ ավելի քան 64 հազարը լքել է հանրապետությունը։