Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուկրաինացիները հաքերային գրոհով Ռուսաստանի հեռուստատեսությամբ հեռարձակել են Զելենսկու ուղերձը

Ուկրաինացիները հաքերային գրոհով Ռուսաստանի հեռուստատեսությամբ հեռարձակել են Զելենսկու ուղերձը
Ռուսաստան
14:59, 26 январь 2023
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ուղերձը երեկ, որոշ տեխնիկական ընդհատումներով, ցուցադրվել է Ռուսաստանի Բելգորոդի և Կրասնոդարի մարզերում, ինչպես նաև բռնակցված Ղրիմում:

Ուղերձը հեռարձակվել է СТС և ТНТ ռուսաստանյան հեռուստաընկերությունների ամենօրյա սովորական ծրագրերի փոխարեն: Հեռարձակումը ժամանակ առ ժամանակ անհետացել և վերականգնվել է:

Ղրիմի ղեկավարի տեղեկատվական քաղաքականության հարցերով խորհրդական Օլեգ Կրյուչկովի փոխանցմամբ, ռուսական եթերում Ուկրաինայի նախագահի ուղերձի հեռարձակումն ամերիկացիների օգնությամբ կատարված հաքերային միջամտության հետևանք է:

«Ամերիկացիները դեռ «հատուկ ռազմական օպերացիայի» առաջին փուլում են Ուկրաինայի հատուկ ծառայություններին տրամադրել ամենամեծ առցանց կայանների ծրագրային գաղտնաբառերը: Կաբելային օպերատորները հաճախ համացանցից են վերցնում ազդանշանը: Ռազմաճակատում ուկրաինացիների գործերը լավ չեն, դրա համար էլ նրանք հաքերային գրոհների են դիմում», - ասել է Կրյուչկովը:

Բելգորոդի իշխանություններն էլ հայտնել են, թե «տեղի է ունեցել արբանյակից ստացվող ազդանշանի ապօրինի փոփոխություն»: