Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ֆինանսական համակարգը մոտ 2,5 միլիարդ դրամի չափով ներել է Արցախի պատերազմում զոհված անձանց, նրանց հարազատների և հաշմանդամություն ստացած անձանց վարկերը․ ԿԲ նախագահը

Ֆինանսական համակարգը մոտ 2,5 միլիարդ դրամի չափով ներել է Արցախի պատերազմում զոհված անձանց, նրանց հարազատների և հաշմանդամություն ստացած անձանց վարկերը․ ԿԲ նախագահը
Տնտեսություն
17:34, 03 июнь 2021
«Ընդհանուր վարկատեսակների հիմնական մասը բիզնես վարկերն են մոտավորապես 67 տոկոս, 24 տոկոս հիփոթեքային վարկերն են, ունենք գյուղ վարկեր և սպառողական վարկեր»,- այդ մասին այսօր ՀՀ կենտրոնական բանկի՝ 2020 թ. «Ֆինանսական կայունության հաշվետվության» հրապարակմանը նվիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

Նա նշեց, որ դրամային վարկերի որոշակի աճ ունեն, որի մեջ պետք է առանձնացնել հիփոթեքային և բիզնես վարկերը, բիզնեսի վարկերի մեջ էլ պետք է առանձին հասկանալ, որ անցյալ տարվա ընթացքում մասնավորապես բիզնես վարկերի աճին էապես նպաստել են կառավարության կողմից իրականացված ծրագրերը։

«Այս տարվա ընթացքում մենք ունենք որոշակի վարկային ռեսուրսների նկատմամբ պահանջարկի նվազում, մինչդեռ բավարարված հայտերի տեսակարար կշիռը էական փոփոխության չի ենթարկվել՝ 54-ից իջել է մինչև 51,5։ Մինչդեռ հայտերի պահանջարկը, որոնք ներկայացվում են նոր վարկեր ստանալու տեսանկյունից, բավականին նվազում է արձանագրվել»,- ասաց Մարտին Գալստյանը։
  
Ֆինանսական համակարգը 2020 թվականին  այդ արհավիրքին դիմակայելու տեսանկյունից, ֆինանսական կազմակերպությունների կողմից մոտավորապես 1,3 տրիլիոն դրամի վարկ է վերանայվել՝ պաշարային ցուցանիշով․ մոտավորապես 980․000 վարկային պայմանագրի մասին է խոսքը։ 

«Բավականին ակտիվացել են առցանց ծառայություններն ու անկանխիկ գործառությունները։ Ռազմական դրության հետևանքով էլ  ֆինանսական համակարգը մոտավորապես  2,5 միլիարդ դրամի չափով ներել է Արցախի պատերազմում զոհված  անձանց, նրանց հարազատների, նաև հաշմանդամություն ստացած անձանց վարկերը»,- ասաց ԿԲ նախագահը։