Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Մեղադրանքի փոփոխության հնարավորություն եթե ունենայինք, այդ մեղադրանքն արդեն փոփոխված կլիներ. դատախազը՝ Մարտի 1-ի գործի մասին

«Մեղադրանքի փոփոխության հնարավորություն եթե ունենայինք, այդ մեղադրանքն արդեն փոփոխված կլիներ. դատախազը՝ Մարտի 1-ի գործի մասին
Իրավունք
14:18, 15 сентябрь 2021
«Միտքը, որ դատախազությունը կարող էր քրեական գործը հետ տանել, ինքը մի քիչ կապ ունի քրեական գործը լրացուցիչ նախաքննության ուղարկելու ինստիտուտի հետ, որը 2007 թվականից գոյություն չունի  և ոչ մի կապ չունի դատարանում մեղադրանքը փոխելու դատավարական ինստիտուտի հետ»,- այս մասին այսօր, հայտնելով իր դիրքորոշումը Սեդա Սաֆարյանի բերած վերաքննիչ բողոքի վերաբերյալ, ասաց դատախազ Գևորգ Բաղդասարյանը։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում էր Ռոբերտ Քոչարյանի, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի վերաբերյալ Դատախազության և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի բողոքների քննությունը։ 

Դատախազը նշեց, որ Քրեական դատավարության օրենսգրքի 309 պրիմ 1 հոդվածի 1-ին մասն ունի հետևյալ ձևակերպումը. եթե առաջին ատյանի դատարանում մեղադրողը գտնում է, որ մեղադրանքը ենթակա է փոփոխման կամ լրացման, որովհետև ի հայտ են եկել այնպիսի հանգամանքներ, որոնք հայտնի չէին և չէին կարող հայտնի լինել մինչդատական վարույթում, և եթե գործի փաստական հանգամանքները թույլ չեն տալիս փոփոխել մեղադրանքը, ապա մեղադրողը միջնորդում է  դատարանում դատական քննությունը հետաձգելու վերաբերյալ։
«Մեղադրանքի փոփոխության հնարավորություն եթե ունենայինք, այդ մեղադրանքն արդեն փոփոխված կլիներ»,-ասաց Գևորգ Բաղդասարյանը։