Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՔԿ բաժնի պետի երեխայի գործով դատական նիստը հետաձգվեց. մանկական բժիշկը դեռևս ամբաստանյալի աթոռին է

ՔԿ բաժնի պետի երեխայի գործով դատական նիստը հետաձգվեց. մանկական բժիշկը դեռևս ամբաստանյալի աթոռին է
Իրավունք
12:52, 16 сентябрь 2021
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանի Կենտրոն, Նորք-Մարաշ նստավայրում՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, կայացավ մանկական սրտաբան Կարեն Կուրդովի գործով հերթական դատական նիստը։ 

Նշենք, որ «Նորք-Մարաշ» ԲԿ-ի մանկական սրտաբանին մեղադրանք է առաջադրվել իր մոտ հետազոտության նպատակով այցելած անչափահաս տղա երեխայի առողջությանը դիտավորությամբ թեթև վնաս պատճառելու համար։   

Դատական նիստին ներկա էին Կարեն Կուրդովը և իր պաշտպան Մուրադ Ասրյանը, իսկ տուժող կողմից ներկա էր միայն փաստաբան Միհրան Պողոսյանը։ 

Միհրան Պողոսյանը միջնորդեց հետաձգել դատական նիստը տուժողի ներկայացուցչի՝ երեխայի մոր բացակայության պատճառով։

Պաշտպանական կողմն ու դատախազը չունեին առարկություն դատական նիստը հետաձգելու միջնորդության վերաբերյալ։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց նոյեմբերի 16-ին։

Թեպետ դատական նիստն ընթանում էր դռնբաց, այնուամենայնիվ տուժող կողմի փաստաբան Միհրան Պողոսյանը միջնորդեց դատարանին չթույլատրել Civic.am-ի օպերատորին նկարահանել՝ պատճառաբանելով, որ գործը վերաբերում է անչափահաս երեխային։

Դատարանը բավարարեց միջնորդությունը։ Սակայն հարկ ենք համարում հիշեցնել, որ անչափահաս երեխայի վերաբերյալ տեղեկատվությունը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել էր երեխայի մայրը՝ Մանե Ռաֆայելյանը, և իր գրառումը տարածել էր իր ամուսնու՝ Քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանի բաժնի պետ Վարդան Ավագյանի Ֆեյսբուքի էջում։  Այնուհետև հանրությանը հասանելի դարձած տեղեկատվությունը տարածվել էր մամուլով։

Կարեն Կուրդովին վերագրված՝ երեխայի մոր մեղադրական գրառմանը արձագանքել էր նաև «Նորք-Մարաշ» ԲԿ-ն՝ նշելով, որ Կուրդովը և ՆՄԲԿ-ն անընդունելի են համարում տեղի ունեցածը, ինչի համար ներողամտություն են հայցում երեխայի ծնողներից. «Բանն այն է, որ երեխան անկառավարելի էր մամայի ներկայությամբ, և բժիշկը, կրելով բժշկական պատասխանատվություն, պարտավորված լինելով «2-րդ կարծիք» տալ «առողջ սիրտ» գնահատված երեխային և հետազոտությունը տեսագրելու անհրաժեշտություն ունենալով, հարկավոր էր, որ երեխան հանգիստ պառկած լինի։ Իր մասնագիտական պարտքը մինչև վերջ կատարել կարողանալու նպատակով բժիշկ Կուրդովը սաստել է երեխային, ինչը, ցավոք, «հատուկ» մեկնաբանության է արժանացել իրավական տերմինաբանությանը ծանոթ Ավագյանների մոտ (խոսքը երեխայի ծնողների մասին է-խմբ.): Շատ լավ հասկանալով «ընտանեկան իրավաբանական արժանապատվությունը» «փրկելու» ձգտումը՝ հույս ենք հայտնում, որ Ավագյանները ձեռնպահ կմնան ողջ կյանքը մարդկանց առողջությանը նվիրած բժշկին հանիրավի պարսավելուց»:  

Հիշեցնենք նաև, որ դեռևս ամիսներ առաջ մեզ հետ զրույցում մանկական սրտաբան Կարեն Կուրդովը մեղադրանքն անհեթեթություն էր համարել։ Իսկ իր նախկին փաստաբան Արման Թամրազյանը նշել էր, որ թեպետ գործում առկա է դատաբժշկական եզրակացություն, սակայն այն հիմնավոր չէ: «Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի նյարդաբանը կոնսուլտացիոն տեղեկանք է տվել՝ երեխայի մոտ ուղեղի ցնցում ախտորոշմամբ, դատաբժիշկը դա է հիմք վերցրել, սակայն տեղեկանքը տված նյարդաբանի անուն-ազգանունը նշված չէ, առհասարակ այդ պատասխանը եզրակացությանը կցված չէ։ Անհասկանալի է, թե այդ նյարդաբանը այդ եզրահանգման գալիս ի՞նչ հետազոտությունների վրա է հիմնվել։ Դրա մասին որևիցե նշում եզրակացությունը չի պարունակում։ Մենք գտնում ենք, որ դատաբժշկի եզրակացությունը հիմնավորված չէ և կասկած է հարուցում»,- ասել էր Արման Թամրազյանն ու հավելել, որ քննիչը մերժել էր իր միջնորդությունը՝ դատաբժշկական կրկնակի փորձաքննություն նշանակելու վերաբերյալ։

Արման Թամրազյանը հավելել էր նաև, որ մանկական սրտաբան Կարեն Կուրդովը նախաքննության փուլում ցուցմունք չի տվել, իսկ ոստիկանությունում բացատրություն է տվել այն մասին, որ որպես պապիկ՝ թեթև ապտակ է հասցրել երեխային։ Ինչ վերաբերում է երեխայի ծնողների տված ցուցմունքին՝ Արման Թամրազյանն ընդգծել էր, որ 4-ամյա երեխայի ծնողները հայտարարության մեջ նախ նշել են, որ ծեծի է ենթարկել բժիշկը, բայց հետագայում գրել են, որ մեկ հարված է հասցվել երեխային։   

Նարա Մարտիրոսյան