Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կոչ եմ անում կողմ քվեարկել նախագծին և մեկ անձի անփոխարինելիության, մեծարման չարաբաստիկ էպոսն ավարտել. Վիլեն Գաբրիելյան

Այսօր ԱԺ պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց և ընդունվեց «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը։ 

Նախագծի հեղինակ Վիլեն Գաբրիելյանն իր եզրափակիչ ելույթում նախ անդրադարձավ ընդդիմադիր պատգամավորների պահվածքին։

«Պարոն Վարդևանյան, սկսեմ ձեզանից. չէի ուզի ձեր խոսքին գնահատական տալ, բայց չստացվեց այդ մանիպուլյացիայի փորձը։ Ես, անկախ իմ պաշտոնական կարգավիճակից, մարդկանց ընդհանրապես չեմ գնահատում, սիրուն է, թե սիրուն չի, առավել ևս՝ տղամարդկանց։ Ինչ վերաբերում է խնդրո առարկային, ասեմ ձեզ հետևյալը. այո՛, կա  անձնական պատճառ, որը բխում է հետևյալից. ինձ համար հասկանալի չի, օրինակ, մարդը, երբ երկու կամ երեք անգամ չի ընտրվում, արդյոք ինքը չունի՞ սկզբունքայնություն՝ ինքնաբացարկ հայտնելու, չէ՞ որ իր համար պարզ է արդեն, որ ինքն այլևս չի ընտրվելու։ Ի դեպ, հարց եմ տվել պարոն Ղազինյանին՝ ինչո՞ւ ինքնաբացարկ չեք հայտնում, ասել է՝ չեմ կարող, իրավունք չունեմ։ Զարմանալի է։ Ինչ վերաբերում է օրենքին,  ձեզ այսպիսի մի փաստարկ բերեմ. պարոն Ղազինյանը մինչև այս պահը չի ստացել օրենքի գաղտնիության թույլտվությունը, և հարց է ծագում՝ ինքն ինչպե՞ս է վարելու փակ նիստերը նախագահի բացակայությամբ»,- ասաց Վիլեն Գաբրիելյանը։

Դիմելով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին՝ Վիլեն Գաբրիելյանն ասաց, որ անկախ ամեն ինչից, և՛ իրեն, և՛Մկրտչյանին ընտրել են ՀՀ քաղաքացիները, և Մկրտչյանի մատնանշած անձն ունի անուն և ազգանուն։

«Դա տարրական բարեկրթություն է, ուստի ձեզ հորդորում եմ՝ մյուս անգամ, եթե ինձ հետ շփվելիս լինեք, դիմեք ինձ անուն-ազգանունով։ Իմ ինքնասիրությունից իհարկե ցածր է, որ ես տրվեմ ձեր սադրանքին, բայց նաև ուզում եմ ասել, որ շատ ուրախ եմ, որ դուք ողջունում եք տվյալ նախագիծը, և հուսով եմ, որ ըստ տրամաբանության՝ կողմ կքվեարկեք։ Ինչ վերաբերում է «Դոնթի բանաձևին» ու ստիպելուն, այո՛, ստիպում ենք՝ «Դոնթի բանաձևով» ընդդիմությանը ևս տրամադրված են տեղեր»,- ասաց Վիլեն Գաբրիելյանը։

Այնուհետև նա կոչ արեց կողմ քվեարկել նախագծին և մեկ անձի անփոխարինելիության, մեծարման չարաբաստիկ էպոսն ավարտել։ 

Մանրամասները՝ տեսանյութում: