Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Սա էլ տնտեսական ռազմաճակատ է․ կոչ եմ անում բոլորին ուղղվել դեպի Սյունիք»․ Արմեն Խաչատրյան

«Սա էլ տնտեսական ռազմաճակատ է․ կոչ եմ անում բոլորին ուղղվել դեպի Սյունիք»․ Արմեն Խաչատրյան
Քաղաքականություն / Հայաստան
19:28, 23 март 2021
«Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արմեն Խաչատրյանը այսօր ԱԺ նիստում անդրադարձավ Գորիսի տարածաշրջանում ծանր վիճակում հայտնված զբոսաշրջային կազմակերպություններին, մասնավորապես, հյուրանոցներին և հյուրատներին։ Նրա խոսքով՝ միայն 2018-2020 թվականների ընթացքում այս տարածաշրջանում կատարվել է 7 միլիարդ դրամից ավելի ներդրում՝ վերը նշված ոլորտում։

«Մարդիկ, տեսնելով այս ոլորտի զարգացման հեռանկարները, այսպիսի լուրջ ներդրումներ են արել՝ միայն 2 տարվա մեջ։ Այնուհետև սկսվեց համավարակը, հետո էլ՝ պատերազմը, և այս ոլորտն ամբողջովին ճնշվեց։ Իսկ պատերազմի ընթացքում գրեթե բոլոր հյուրանոցներն ու հյուրատները զբաղված էին տեղահանվածների ընդունելությամբ»,- նշեց Խաչատրյանը։

Պատգամավորի խոսքով՝ այժմ այս հաստատությունները գտնվում են բավականին ծանր վիճակում։ Մոտ 1 միլիարդ 600 միլիոն դրամի վարկային միջոցներ կան ներգրավված, որոնք այս պահին սեփականատերերը չեն կարողանում մարել և վտանգ կա, որ նրանք լուրջ խնդիրների առաջ կհայտնվեն, իսկ սեփականությունները հնարավոր է, որ անցնեն բանկերին։

«Թեև Սյունիքի հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովում այս հարցը քննարկվել և ներկայացվել է լուծման, և գուցե պետությունը սուբսիդավորի այս վարկային միջոցները, սակայն այս պահին այդ մարդիկ շատ ծանր վիճակում են և այս հարցով հրատապ միջոցներ են պետք ձեռնարկել»,- նշեց պատգամավորը։

Նա հավելեց, որ լրատվամիջոցներում Սյունիքի մասին անընդհատ պտտվող խուճապային տրամադրությունները ուղղակիորեն հարվածել և հարվածում են այս ոլորտին ու կոչ արեց լրատվամիջոցներին ուշադիր լինել ու հաշվի առնել հայտարարություններից բխող ծանր հետևանքները։

«Կոչ եմ անում, խնդրում եմ և առաջարկում ՀՀ բոլոր պետական մարմիններին, բոլոր պետական և ոչ պետական հիմնարկ-ձեռնարկություններին, բոլոր մեր հայրենակիցներին, որոնք արտագնա նիստեր կհրավիրեն, իրենց հանգիստը կկազմակերպեն կամ հնարավորություն կունենան Երևանից բացակայել ու իրենց հանգստյան օրերը անցկացնել քաղաքից դուրս, կազմակերպել այդ ամենը Գորիս քաղաքում, Գորիսի հյուրանոցներում»,- ասաց Խաչատրյանը։

Պատգամավորը հավաստիացրեց, որ իրականում անվտանգության խնդիրներ չկան, և մարդիկ երբեմն թող Դիլիջանն ու Ծաղկաձորը փոխարինեն Գորիսով, Գորիսի հյուրանոցներով․ «Սա հայրենասիրական քայլ է այնպես, ինչպես հայրենակիցները պատերազմի օրերին ամեն ինչ անում էին ռազմաճակատի համար։ Սա էլ տնտեսական ռազմաճակատ է, և կոչ եմ անում բոլորին ուղղվել դեպի Սյունիք»։