Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Պրիվետ» բառի համահայաստանյան տաբուի հեղինակ նախկին նախագահի ադեպտները Սյունիքում որոշել էին շեֆին նախընտրական անակնկալ մատուցել․ Վահագն Ալեքսանյան․Տեսանյութ

Այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, ներողություն խնդրեց, որ ստիպված է շեղվել քննարկվող հարցից ու խոսել օրեր առաջ Սյունիքում կատարվածի մասին։

«Իսկ կատարվածը առաջին հայացքից որքան էլ պարզ, էժան, կազմակերպված խուլիգանություն էր, այդքան էլ խորը արմատներ ու էլ ավելի խորը գնացող նպատակներ ուներ։ Բանն այն է, հարգելի քաղաքացիներ, որ ժամանակին աֆրիկյան սավաննաների ծագող որսորդական աստղ, «պրիվետ» բառի համատարած համահայաստանյան տաբուի հեղինակ հանդիսացած նախկին նախագահի, որի վերջին հարցազրույցը ռուսական առաջին ալիքին կարծես՝ գրված, մշակված, վերամշակված ու վերա-վերամշակված լիներ ադրբեջանական առաջատար լոբբիստների կողմից, ադեպտները Սյունիքում որոշել էին շեֆին նախընտրական անակնկալ մատուցել՝ վերջինիս սիրած բոլոր ատրիբուտներով՝ լկտիությամբ, հայհոյանքներով, անթասիբությամբ։ Ադեպտները սրանով սակայն փորձում էին կոտրել ոչ թե վարչապետին, ոչ թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, այլ առաջին հերթին սյունեցուն, պատահական չէ, որ հայհոյանքների հիմնական մասը ուղղված էր վարչապետին սատարող քաղաքացիներին»,-ասաց Վահագն Ալեքսանյանը։ 

Պատգամավորի խոսքով, դրանք՝ այդ մանր ու էժան խուլիգանները, փորձում էին սյունեցուն ցույց տալ իրենց համար միակ ընդունելի սյունեցու կերպարը, այն է՝ պատվերով հայհոյող, անբարեկիրթ, անքաղաքավարի, խուլիգան ու ամենակարևորը՝ կառավարելի։ 

«Սակայն սրանք հաշվի չեն առել, որ եթե իրենց չի հաջողվել կոտրել սյունեցուն նույնիսկ այն ժամանակ, երբ պետական պաշտոնյաների, նրանց մերձավորների, թիկնազորերի կողմից բեսպրեդելը Սյունիքում դրված է եղել արտադրական ռելսերի վրա, եղել է թիվ 1 մարզային առաջնահերթություն, իհարկե, Սյունիքի ընդերքը մեջ-մեջ անելու հետ զուգահեռ, ապա հատկապես նրանց դա չի հաջողվելու հիմա։
 
Չի՛ հաջողվելու և ես սա ասում եմ վստահությամբ, վստահությամբ, որ սյունեցին հունիսի 20-ի ընտրություններին ցանկապատված սավաննաների  առյուծների ու բիզոնների ահուսարսափին, իր տեղական ադեպտների հետ ջախջախելու է իր քվեով, ջախջախելու է, որովհետև սյունեցին մերժել ու մերժում է ձեզ, սյունեցին մերժել ու մերժում է իրեն անքաղաքավարի, անբարեկիրթ հայհոյախումբ տեսնել ու ներկայացնել ցանկացողներին»,-ասաց պատգամավորը։ 

Նա նաև ասաց, որ նրանք սյունեցուն չեն կարողացել կոտրել, երբ իշխանություն էին, թեև ամեն բան անում էին դրա համար, նրանք այդ փորձի երկրորդ հնարավորությունը չեն ստանալու, որովհետև սյունեցին իր թասիբը 5 ու 10 հազար դրամով նրանց չի վաճառելու։