Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուս խաղաղապահների մանդատը ստորագրել են ՌԴ և ՀՀ պաշտպանության նախարարները. որևէ այլ սուբյեկտ Լաչինի միջանցքում վերահսկողություն չպետք է ունենա. վարչապետ

«Ես չեմ կարծում, որ մենք մեր գործընկերների հետ պետք է վերջնագրերի լեզվով խոսենք: Այն, ինչ մենք ունենք ասելու տվյալ իրադրության հետ կապված, արդեն հրապարակային ասվել է»,- այսօր՝ հունվարի 10-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Շանթ» հեռուստաընկերության լրագրողի հարցին, որն առնչվում է Լաչինի միջանցքի փակմանը և այն լուրերին, թե ՀՀ վարչապետը վերջնագիր է ներկայացրել ՌԴ-ին առ այն, որ եթե միջանցքը չբացվի, այսօր՝ հունվարի 10-ին, Հայաստանը կհայտարարի ՀԱՊԿ-ը և ԱՊՀ-ն լքելու մասին:

Վարչապետը նշեց, որ նաև հրապարակային գնահատականներ են տրվել Լաչինի միջանցքը փակելու փաստին. «Իմ գնահատմամբ՝ այն, ինչ տեղի է ունենում Լաչինի միջանցքում, առաջին հերթին ԼՂ ժողովրդին, ԼՂ հայությանը սեփական հայրենիքում ապրելու կամքը կոտրելու նպատակ ունի: Սա է ամենակարևոր կոնտեքստը խնդրի»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի գործիքակազմը պետք է լինի դիվանագիտական, այն է՝ միջազգային հնարավորինս մեծ ճնշում գործադրել Լաչինի միջանցքը բացելու հարցում:

Նա հիշեցրեց, որ 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետով իրավական պարտավորություններ են տրված Ադրբեջանի Հանրապետության և ՌԴ-ի վրա. «Այո, ՌԴ խաղաղապահ զորախումբը պետք է ապահովի Լաչինի միջանցքի բնականոն գործունեությունը: Ճիշտ է, Ադրբեջանը ռուսաստանցի խաղաղապահների մանդատը չի ստորագրել, սակայն այդ մանդատը ստորագրել են ՌԴ և ՀՀ պաշտպանության նախարարները: Եվ եթե հիշողությունս չի դավաճանում, այդ փաստաթղթում չկա որևէ նշում, որ այն ուժի մեջ է մտնում միայն 3 կողմերի ստորագրելուց հետո: Լաչինի միջանցքը պետք է լինի ՌԴ խաղաղապահ ուժերի վերահսկողության ներքո, և որևէ այլ սուբյեկտ Լաչինի միջանցքում վերահսկողություն չպետք է ունենա»:

Վարչապետը հիշեցրեց նաև, որ Լեռնային Ղարաբաղին աննախադեպ՝ ավելի քան 170 մլրդ դրամի աջակցություն է ցուցաբերվել, ձևավորվել է աշխատանքային խումբ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ: