Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կորոնավիրուսի դեպքերի թիվը կայուն կերպով նվազում է. դիմակների պարտադիր կրման պահանջը հանվում է. Անահիտ Ավանեսյան

Այսօր՝ փետրվարի 23-ին, Կառավարության հերթական նիստում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրեց, որ կորոնավիրուսային վիճակը Հայաստանում կայունանում է: «Երեկ թեստավորվել է 4759 քաղաքացի, նոր դեպքերը 946-ն են: Ցավոք, ունենք 24 մահ»,- նշեց նախարարը: 

Վերջինիս խոսքով՝ այս պահին Հայաստանում շրջանառվում է «օմիկրոն» շտամի B1.1 և B1.2 ենթաշտամները. «Եվ «դելտա» շտամը կարծես ամբողջությամբ դուրս է մղվել «օմիկրոն» շտամի ազդեցության ներքո»:

Այնուամենայնիվ, նախարարը նկատեց, որ «օմիկրոն» շտամով հիվանդացած այն քաղաքացիների շրջանում, որոնք պատվաստված չեն և ունեն քրոնիկ հիվանդություններ, արձանագրվում են ծանր դեպքեր: Նա տեղեկացրեց, որ 20 հազարից ավելի քաղաքացիներ ստացել են պատվաստանյութի բուստեր դեղաչափը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ դիմակների պարտադիր կրման պահանջը հանվում է. «Փակ տարածքներում դիմակների կրումը կլինի ոչ թե պարտադիր, այլ խորհուրդ կտրվի այն կրել»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում: