Քաղաքացիակենտրոն
լրատվություն

20-ամյակ՝ անհայտության մեջ․ 7 ամիս անհետ կորած զինվոր Էդուարդը դարձավ 20 տարեկան

20-ամյակ՝ անհայտության մեջ․ 7 ամիս անհետ կորած զինվոր Էդուարդը դարձավ 20 տարեկան
Հասարակություն
16:29, 18 май 2021
Տաշիր քաղաքի 54-ամյա բնակչուհի տիկին Բելլան 7 ամիս է, դեռ սպասում է իր որդուն՝ ժամկետային զինծառայող, Արցախյան երկրորդ պատերազմի մասնակից Էդուարդ Էլոյանին։ Որդու ենթադրյալ մասունքն ամիսներ առաջ են գտել, սակայն ԴՆԹ հետազոտությունը չի հաստատել նրա ինքնությունը։
Էդուարդի մահվան մասին պատմել է նրա զինակից ընկերներից միակ ողջ մնացածը։ Սակայն, տիկին Բելլան չի հավատում, որ որդին մահացել է, քանի որ, նրա խոսքով, ընկերը Էդուարդի մահվան դեպքի մի քանի տարբերակներ է պատմել, ինչն անհասկանալի է։

«Ասում ա՝ իրան, որ խփեցին, ընկավ,ես գնացի, ասեցի՝ Էլոյան, Էլոյան՝ ուշքի չեկավ։ Ասում ա՝ ես տարել եմ խրամատի կողքը, պահել եմ իրան։ Էդ տղան վիրավոր է եղել, էրեխուն էդպես թողել, իջել ա։ Ասում եմ, եթե դու վիրավոր էիր, հասար սկոռիին, ինչի՞ իմ էրեխուն թողեցիր էնտեղ։ Բայց մի քանի բան ա պատմում։ Հետո ասում ա՝ Էլոյանը բարձր տեղ էր, ես խրամատի մեջ էի, որ իրան խփեցին, ձեռքս քաշեցի, որ քցեի խրամատի մեջ, հետո նոր ինձ խփեցին։ Երրորդ անգամն արդեն ուրիշ բան էր ասում։ Հիմա, չգիտեմ, կանտուզիա է ստացած էդ տղան, թե՝ ինչ, ես չգիտեմ», - պատմում է տիկին Բելլան։

Դեպքն, ըստ պատմածի, հոկտեմբերի 31-ին է տեղի ունեցել՝ Մարտունու դիրքերում։ Իսկ մայրը վերջին անգամ հոկտեմբերի 29-ին է խոսել Էդուարդի հետ, որից հետո նրանից լուր չկա։ 

19-ամյա Էդուարդը 10 ամիս է, ինչ ծառայում էր, երբ պատերազմը սկսվեց։ Ծառայել է Մարտունի 2-ում, պատերազմի ընթացքում կռվել նաև Ջաբրայիլում, Ֆիզուլիում։ 

Օրեր առաջ՝ մայիսի 13-ին,լրացավ նրա 20 ամյակը։ Մոր խոսքով՝ Էդուարդը շատ է սիրել նկարչություն ու բանակում էլ քարտեզագրող է եղել։ Ծառայությունն անթերի է անցկացրել, և հրամատարների կողմից միշտ գովեստի խոսքեր են հնչել նրա հասցեին։ 
«Ինքը շատ լավ զինվոր է եղել։ Ասում էին՝ էսքան ժամանակ իրա նման քարտեզ գծող մենք չենք տեսել։ Ինքն էլ շատ գոհ։ Ասում էր՝ էսպես, որ գնա, շատ լավ է ծառայությունը», -պատմում է տիկին Բելլան։
Էդուարդ Էլոյանին հետմահու պարգևատրել են, սակայն ընտանիքը հրաժարվել է մեդալից, քանի որ որդուն զոհված չի համարում․ «Ես չվերցրի, քանի որ ասեցի՝ ես իմ էրեխին դեռ չեմ թաղել։ Ես դա վերցնեմ որպես ի՞նչ, եթե իմ էրեխեն դեռ չկա։ Իմ ԴՆԹ-ով 2000 էրեխու ԴՆԹ են ստուգել։ Փետրվարին մեզ ուղարկել են աճյուն։ Մի հատ գլուխ են ուղարկել մեզ՝ գանգ, որ իբրև մերն ա։ Դրա հիման վրա ԴՆԹ են արել ու ոչ ոքինն էլ չի համընկել»։