Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ունեմ հրահանգ՝ բնակիչները շարունակում են ապրել առանց խուճապի․ Բերձորի քաղաքապետը ադրբեջանցիների կողմից կառուցվող ճանապարհի մասին

Ունեմ հրահանգ՝ բնակիչները շարունակում են ապրել առանց խուճապի․ Բերձորի քաղաքապետը ադրբեջանցիների կողմից կառուցվող ճանապարհի մասին
Հասարակություն
14:43, 10 июнь 2022
Ադրբեջանը դեպի Ստեփանակարետ կառուցում է շրջանցող՝ այլընտրանքային ճանապարհ, որի շահագործման պարագայում Հայաստանը կորցնելու է այսօրվա Լաչինի ճանապարհը։ Ճանապարհը նախատեսվում է շահագործել 2-3 ամիս հետո։  Դա նշանակում է մենք ամբողջությամբ կորցնելու ենք Բերձորի շրջանը՝ այդ թվում Աղավնոն, որոշ այլ հայկական գյուղեր։ Թշնամու ենթակայության տակ է անցնելու մեր ողջ կոմունիկացիաները՝ այսինքն գազ, էլեկտրաէներգիա։ Այսօր՝ հունիսի 10-ին, այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ Ֆրանսիայի հրապարակում ասուլիսի ժամանակ։ 

Civic.am-ի հետ զրույցում Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանն անդրադառնալով ադրբեջանցիների կողմից Ճանապարհի կառուցմանը՝ նշեց, որ դեռևս չեն կարող ասել, թե ինչ նպատակի կծառայի այն․ «Չկա պաշտոնական որևէ հայտարարություն, որ ճանապարհը կառուցելուց հետո դա դառնալու է շրջանցիկ ճանապարհ և արդյունքում Աղավնոն, Բերձրոն ու Սուսը մնալու են Ադրբեջանի ենթակայության տակ»։ 

Ինչ վերաբերում է ճանապարհի շահագործմանը՝  Բերձորի քաղաքապետի խոսքով՝ միայն ադրբեջանցի ճանապարհաշինարարների հետ խոսակցություն ունեցած անձը կարող է ասել, թե երբ է նախատեսված ավարտին հասցնել ու շահագործել այն։ 

Անդրադառնալով ճանապարհի շահագործումից հետո գազն ու էլեկտարէներգիան Ադրբեջանի ենթակայության տակ անցնելուն՝ Նարեկ Ալեքսանյանը հիշատակեց, որ այս պահին էլ կան հայկական տարածքներ, որտեղ գազն ու էլեկտրանէներգիան անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներով, օրինակ՝ Շուշիի, Քաշաթաղի հատվածները։ 

Ադրբեջանցիների կողմից շրջանցող ճանապարհը շահագործելուց հետո Աղավնոն, Բերձորը, Սուսը կորցնելու հավանականությունից խոսելով՝ Բերձորի քաղաքապետը նշեց, որ դեռևս 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ կա կետ, որ Լաչինի շրջանը դեկտեմբերի 1-ին պետք է հանձնվի Ադրբեջանի վերահսկողությանը և այդ հայտարարության մեջ որևիցե ձևով չի առանձնացվում բացառությամբ ինչ-որ բնակավայրերի․ «Բայց մեկ ուրիշ կետով ասում է՝ Արցախը Հայաստանին կապող միջանցք 5 կմ լայնքով՝ 2,5 աջ, 2,5 ձախ միջանցքը հանձնել ռուս խաղաղապահների վերահսկողությանը։ Այդ հայտարարության մեջ ասում է նաև 3 տարվա ընթացքում Հայաստանն Արցախին կապող ճանապարհ կառուցել, որը չպետք է շոշափի Շուշին։ Ենթադրում եմ, որ այդ համաձայնագրի կետերից մեկը՝ կառուցել նոր ճանապարհ՝ դա այս նույն ճանապարհի մասին է խոսքը, որը հիմա կառուցում են ադրբեջանցիները»,-հավելեց մեր զրուցակիցը։ 

Բերձորի քաղաքապետը վստահեցրեց՝ բնակչությունը ինֆորմացված է, որ հնարավոր է այլ բնակավայրեր տեղափոխվելու անհրաժեշտություն լինի։ 

Հարցին՝ ունե՞ք որևէ հրահանգ, որ բնակիչներին առաջիկայում այլ բնակավայրեր տեղափոխեք, Նարեկ Ալեքսանյանն արձագանքեց՝ ոչ, ես ունեմ հրահանգ՝ բնակիչները շարունակում են ապրել առանց խուճապի։ 

Հիշեցնենք, որ Քաշաթաղի շրջանի ղեկավար Մուշեղ Ալավերդյանը մեզ հետ զրույցում ընդգծել էր, որ Կուբաթլու, Զանգելան և Լաչինի շրջանները՝ դրանք հայկական վարչատարածքայինով ամբողջ Քաշաթաղի շրջանն են․ «Հիմա Լաչինի շրջանը, որը գտնվում է Քաշաթաղի շրջանում, նոյեմբերի 9-ի հայտարարությամբ գրված է, որ անցնում է Ադրբեջանին։ Հիմա բոլոր պահպանված հայկական բնակավայերը, այդ թվում՝ Աղավնոն, Բերձորը, Սուսը, գտնվում են Լաչինի միջանցքի տարածքում, այսինքն՝ ռուսական վերահսկողության ներքո»։

Նարա Մարտիրոսյան